Ով անարդար գործունեության մեջ նկատվեց, պատասխան է տալու լրջագույն հետևանքներով. նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ուզում եմ բոլորդ իմանաք, որ պետական բյուջեի միջոցները խոշորացույցի տակ են լինելու, և ով անարդար գործունեության մեջ նկատվեց, պատասխան է տալու լրջագույն հետևանքներով»,- ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին անցկացրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են Հանրապետության վարչապետը, ՀՀ նախագահի վերհսկողական ծառայության ղեկավարը, քննարկվել է Վերահսկիչ պալատի նախագահի զեկույցը մի շարք ոլորտներում պետական բյուջեով հատկացվող միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Պալատի կողմից քաղաքաշինության, գյուղատնտեսության նախարարություններում, Սյունիքի մարզպետարանում և համայնքներում, ինչպես նաև Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ «Քաղաքային ջեռուցում» ծրագրի իրականացման գրասենյակում անցկացրած ստուգումների արդյունքները:
Նշվել է, որ այդ ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ թերություններ, բացթողումներ և հավելագրումներ, ինչի արդյունքում պետությանը հասցվել է զգալի վնաս:
Հանրապետության նախագահը նման աշխատաոճը համարելով անթույլատրելի, նշել է, որ մեղավորները պետք է խստագույնս պատժվեն եւ պետք է վերականգնվի պետությանը կասցված վնասը։
Սերժ Սարգսյանը համապատասխան կառույցներին տվել է կոնկրետ հանձնարարականներ` պահանջելով ներկայացնել հստակ ժամանակացույց և այն հետևողականորեն իրականացնել:-0-