2008 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 207 հազար զբոսաշրջիկ

11.09.2008, 16:49
2008 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 207 հազար զբոսաշրջիկ
2008 թվականի հունվար-հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 207 հազար զբոսաշրջիկ

2008 թվականի առաջին կիսամյակին Հայաստան է այցելել 207 հազար 489 զբոսաշրջիկ, ինչը 13,3 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Երկիր այցելած զբոսաշրջիկների թվի կայուն աճը պետական հետևողական  քաղաքականության արդյունք է»,- հինգշաբթի մամուլի ասուլիսին ասաց նա։ Նրա տվյալներով, Հայաստանն առավել հայտնի է Ռուսաստանի, ԵՄ երկրների, Վրաստանի, ԱՄՆ-ի և Իրանի զբոսաշրջիկների մոտ։

«Ընդ որում մեր երկիր են սկսել այցելել նաև այնպիսի պետությունների քաղաքացիներ, որտեղից նախկինում զբոսաշրջիկներ չէին գալիս՝ Թայլանդից, Թայվանից, Կոստա Ռիկայից»,- տեղակացրեց Ապրեսյանը՝ ավելացնելով, որ 2008 թվականին առաջին անգամ զբոսաշրջիկների խումբ է եկել Թուրքիայից։

Նրա խոսքերով, ներքին զբոսաշրջության ցուցանիշը նույնպես մեծացել է և հասել 43 հազար 27 մարդու՝ 2007 թվականին նույն ժամանակահատվածի 38 հազարի համեմատ։

Վիճակագրական տվյալներով, սկսած 2001 թվականից զբոսաշրջային այցերի տարեկան միջին աճը կազմում է 25 տոկոս։ Մասնավորապես 2005 թվականին Հայաստան է այցելել 318 հազար, 2006 թվականին՝ 381 հազար, իսկ 2007 թվականին 500 հազար զբոսաշրջիկ։-0-