Ռուս և հայ լրագրողների հանդիպումը տեղի ունեցավ Հայաստանի ժուռնալիստների միությունում
Ռուս և հայ լրագրողների հանդիպումը տեղի ունեցավ հինգշաբթի Երևանում՝ Հայաստանի ժուռնալիստների միությունում՝ Ռուսական խոսքի օրերի շրջանակներում։
Ռուսական պատվիրակության կազմում են «Լիտերատուրնայա գազետայի» խմբագիր, գրող, թատերագիր Յուրի Պոլյակովը, գրող, ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի համանախագահ Անդրեյ Նույկինը, գրող, թատերագիր, ՌՀԲՀՄ վարչության անդամ Կիմ Բակշին, պոետ, արձակագիր, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, պոետ, «Յունոստ» ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Դուդարյովը։ Պատվիրակության ղեկավարն է Ռուս-հայկական բարեկամության և համագործակցության միության (ՌՀԲՀՄ) նախագահ, ՌԴ գրողների և լրագրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը։
Ինչպես միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, հայտնի ռուս լրագրողներն արդեն երկրորդ տարին են գալիս Հայաստան՝ տեղեկատվական և գրական կապերի հաստատման կարևոր առաքելությամբ։
Կրիվոպուսկովի խոսքերով, «Ռուսական խոսքի օրերը» Հայաստանի հետ տեղեկատվական և գրական կապերի հաստատման կարևորագույն նախագծերից են։
Յուրի Պոլյակովն իր հերթին հատուկ նշեց այն փաստը, որ «Լիտերատուրնայա գազետայի» «Եվրասիական մուսա» հավելվածում պարբերաբար հրատարակվում են հայ գրողների և պոետների գործերի ռուսերեն թարգմանությունները։
Հանդիպմանը ներկա էր նաև հայտնի հայ գրող և հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանը։
«Ռուսական խոսքի օրերն» անցկացվում են սեպտեմբերի 9-15-ը՝ Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների կողմից՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ռուսական խոսքի օրերի շրջանակներում ծրագրված են ռուսական պատվիրակության անդամների հանդիպումները հայ ուսանողների, ռուսաց լեզվի ուսուցիչների հետ, գրական երեկոներ, Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը, Հայաստանում «Լիտերատուրնայա գազետա» թերթի թղթակցական կետի բացում, ինչպես նաև Յուրի Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» ներկայացման պրեմիերան։-0-

