Վրաստանում պայթեցված երկաթուղային կամուրջը վերականգնված է. տրանսպորտի նախարար

11.09.2008, 15:05
Վրաստանում պայթեցված երկաթուղային կամուրջը վերականգնված է. տրանսպորտի նախարար
Վրաստանում պայթեցված երկաթուղային կամուրջը վերականգնված է. տրանսպորտի նախարար

Վրաստանի տարածքում օգոստոսի 16-ին պայթեցված երկաթուղային կամրջի հատվածը, որով բեռներ են փոխադրվում Հայաստան, վերականգնված է, հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

Գորի-Թբիլիսի երկաթգծի վրա գտնվող կամրջի պայթյունի պատճառով Հայաստանի համար նախատեսված բեռներով 72 վագոն մնացել էր վնասված հատվածում։

«Մեր տվյալներով, երկաթգծային կամուրջն ամբողջովին վերականգնված է, ռելսերը կարգին են, վերականգնողական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում, ներկայումս տարվում են փորձարկման աշխատանքներ»,- հինգշաբթի լրագրողներին հայտնեց Սարգսյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ հայկական կողմն առայժմ իրազեկված չէ տվյալ հատվածը շահագործման հանձնելու ժամկետների մասին, ինչը, սակայն, չի ազդում դեպի Հայաստան իրականացվող բեռնափոխադրումների որակի և ժամկետների վրա։

«Այժմ մենք ավելի մեծ ծավալի բեռնափոխադրումներ ենք իրականացնում, քան վրաց-օսական հակամարտությանը նախորդող ժամանակահատվածում, ինչը պայմանավորված է Վրաստանի տարածքում բեռների կուտակումով»,- ասաց Սարգսյանը։

Սակայն, ինչպես ընդգծեց նախարարը, Հայաստանին արդեն հաջողվել է վերականգնել բեռների մատակարարման ռեժիմը, որ գոյություն ուներ մինչև հակամարտության ծավալումը։ -0-