Հայաստանը էներգետիկ շուկաների սպասարկման գործում պետք է տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնի. նախարար

11.09.2008, 14:14
Հայաստանը էներգետիկ շուկաների սպասարկման գործում պետք է տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնի. նախարար
Հայաստանը էներգետիկ շուկաների սպասարկման գործում պետք է տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնի. նախարար

Հայաստանը, որն ունի ատոմակայանի շահագործման 30-ամյա փորձ և համապատասխան կադրեր ու ենթակառուցվածքներ, պետք է տարածաշրջանում առաջատար դիրք զբաղեցնի էներգետիկ շուկաների սպասարկման գործում, հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Ապագայում տարածաշրջանի էներգաշուկանի սպասարկման գծով մրցունակ դաշտում առաջատար դիրք կարող է զբաղեցնել այն երկիրը, որը ատոմակայանների միջոցով ոչ թանկ բազիսային էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորություն կունենա», - ասաց նա հինգշաբթի՝ Հայաստանի ԱԷԿ-ին միջազգային օգնության համակարգմանը նվիրված երրորդ խորհրդակցության ժամանակ։

Մովսիսյանի խոսքերով, Հայաստանի էներգետիկ հատվածի զարգացման ռազմավարության կարևորագույն մասը բնական էներգառեսուրսների մատակարարման ու դիվերսիֆիկացիայի, տարածաշրջանային ինտեգրման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների վերլուծությունն ու գնահատումն է։

«Հայաստանը պարտադիր կերպով պետք է ներգրավված լինի էլեկտրաէներգիայի՝ այսօր ձևավորվող տարածաշրջանային շուկայում, որը նախատեսում է Սևծովյան ավազանի երկրների օղակաձև էներգահամակարգի ստեղծում և Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի էներգահամակարգերի աշխատանքների համաժամանակեցում», - ընդգծեց նախարարը։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ 6 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Միաժամանակ, այսօրվա դրությամբ, երկրում օգտագործվում են շուրջ 1100 ՄՎտ էներգահզորություններ, ինչը կազմում է ընդհանուր հզորության մոտ 1/3-ը։

Հայաստանում գործում է տարածաշրջանում միակ ատոմակայանը (գործում է ատոմային երկրորդ էներգաբլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ), որն ապահովում է երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40-45 տոկոսը։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների տվյալներով, կարող է գործել մինչև 2016-ը։ Միաժամանակ երկրի իշխանությունները ծրագրում են կառուցել 1000 ՄՎտ հզորության ատոմային նոր էներգաբլոկ, որը կարժենա 4 մլրդ ԱՄՆ դոլար։

Հայաստանի և Իրանի միջև իրականացվում են էլեկտրաէներգիայի սեզոնային փոխհոսքեր, մի քանի տարվա ընթացքում Հայաստանը էլեկտրաէներգիա է արտահանել Վրաստան, իսկ 2009 թ.-ից ուղիղ մատակարարումներ կսկսի դեպի Թուրքիա։-0-