Հայ-վրացական հարաբերություններում չեն կարող չկարգավորված հարցեր լինել. ՀՀ ԱԳՆ

11.09.2008, 11:13
Հայ-վրացական հարաբերություններում չեն կարող չկարգավորված հարցեր լինել. ՀՀ ԱԳՆ
Հայ-վրացական հարաբերություններում չեն կարող չկարգավորված հարցեր լինել. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Վրաստանի միջև չեն կարող լինել խնդիրներ, որոնք կողմերը չեն կարողանա լուծել, կարծում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Վրաստանը պարզապես հարևան երկիր չէ, որի հետ Հայաստանը կապված է տրանսպորտի, կապի բնագավառում։ Վրաստանի հետ հարաբերությունները Հայաստանը դիտարկում է հեռանկարում, այլ ոչ թե այսօրվա լույսի ներքո», - չորեքշաբթի ՀՀ խորհրդարանում ասել է Նալբանդյանը։

ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, կողմերը մշտական կապի մեջ են, ընթանում են բանակցություններ։ Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, վրաց-հարավօսական հակամարտության գոտում իրադարձությունների ժամանակ վրացական կողմի հետ մշտական երկխոսություն էր ընթանում։

«Արդեն վաղը չէ մյուս օրը ես այցով կմեկնեմ Վրաստան, որտեղ կհանդիպեմ երկրի ղեկավարության հետ», - տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միաժամանակ նախարարն անդրադարձել է ջավախահայության խնդիրներին՝ ասելով, որ Հայաստանի ղեկավարությունն իրավիճակը պահում է մշտական հսկողության տակ և տեղյակ է Վրաստանի այդ շրջանի հայ բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների մասին։

Նալբանդյանի խոսքերով, Ջավախքի հարցը ևս կքննարկվի Թբիլիսի կատարելիք իր այցի ընթացքում։-0-