Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդել Կովկասում կայունության պլատֆորմի միջոցով. հայ պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կովկասում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ Թուրքիան նպատակ ունի ամրապնդել իր ազդեցությունը տարածաշրջանում և ցանկանում է վստահ լինել Հայաստանի աջակցության վրա, կարծում է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է աշխարհագրական սկզբունքով տարածաշրջանում կայունության ու անվտանգության պլատֆորմ ստեղծել, որը հիմնվելու է ԵԱՀԿ սկզբունքների վրա։ Հարթության ստեղծման սկզբունքների շրջանում Էրդողանի հայտարարության մեջ նշվում են Կովկասում խաղաղության ու անվտանգության լիակատար վերականգնումը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու էներգետիկ անվտանգության ապահովումը։
«Տվյալ նախաձեռնությամբ Թուրքիան նպատակ ուներ մեղմել Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի առնչությամբ, ինչպես նաև բարձրացնել իր գործնական դերն այդ հարցում»,- չորեքշաբթի Մելքոնյանն ասաց լրագրողներին։
Նա դրական է համարում այն, որ Հայաստանն ըմբռնումով է մոտեցել և չի մերժել տարածաշրջանային համագործակցության ու անվտանգության ապահովման այդ նախաձեռնությունը, քանի որ հակառակ դեպքում երկիրը կհայտնվեր «բավականին անհարմար իրավիճակում»։
«Սակայն, քանի որ այդ գաղափարն այսօրվա դրությամբ դեռ վերջնականապես ձևավորված չէ և Հայաստանի մասնակցության կարգավիճակն անհասկանալի է, այս նախաձեռնությանը պետք է վերաբերվել որոշակի վերապահությամբ»,- ասաց նա։
Այդ առնչությամբ պատմաբանը նշեց, որ «Կովկասյան տան» գաղափարը նորություն չէ, այն Թուրքիայի կողմից առաջին անգամ հնչեցվել է 1918 թ.-ին։
«Թուրքիան կովկասյան երեք հանրապետությունների ձևավորումն իր նվաճումն է համարել, իսկ Հայաստանի վերաբերյալ բնորոշ էր 1918 թ.-ին Բաքուն նվաճած թուրք գեներալ Նուրի փաշայի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանը գտնվում է մի պարկում, որը մենք կարող ենք ամեն րոպե փակել, և նա կխեղդվի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հենց այդ պատճառով է, որ Հայաստանն ավելի շատ հակված է Վրաստանի հետ համագործակցությանը։ --0--