Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին վաղ է խոսել. փորձագետ

10.09.2008, 17:08
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին վաղ է խոսել. փորձագետ
Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին վաղ է խոսել. փորձագետ

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Երևան առիթ չի տալիս խոսելու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման մասին, գտնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ Հայաստան ժամանեց իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով, սեպտեմբերի 6-ին։ Հրավերի համար առիթ հանդիսացավ Երևանում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Խաղի ավարտից հետո թուրք ղեկավարը հրավիրեց իր հայ գործընկերոջը ներկա գտնվելու 2009թ. հոկտեմբերի 14-ին Ստամբուլում կայանալիք երկու երկրների ֆուտբոլային ընտրանիների պատասխան խաղին։

«Ավելին, ես կարծում եմ, որ Սարգսյանի պատասխան այցը Թուրքիա նույնպես չի հանգեցնի արմատական փոփոխությունների»,- չորեքշաբթի ասաց Մելքոնյանը լրագրողներին։

Սակայն, ըստ փորձագետի, Գյուլի այցը Երևան ընդհանուր առմամբ կարելի է գնահատել դրական այն առումով, որ նման բարձր մակարդակի այց չի եղել Թուրքիայի և Հայաստանի պատմության ողջ ընթացքում։

«Այցը դրական էր նաև զուտ հոգեբանական տեսակետից։ Բոլորին պարզ դարձավ, որ երկու երկրների պաշտոնական անձինք կարող են քաղաքակիրթ կերպով,  դիվանագիտական մակարդակով շփվել, և նույնիսկ թուրքական հիմնը կատարելու պահին «Հրազդան» մարզադաշտում բարձրացած աղմուկը բավական ընդունելի կարելի է համարել»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ հայ ժողովուրդն իրավունք ուներ այս կամ այլ կերպ իր վերաբերմունքն արտահայտել կատարվածի նկատմամբ։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում է զբաղեցնում։-0-