ՀՀ նախագահը բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Բելառուսի դեսպան տիկին Մարինա Դոլգոպոլովայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել հայ-բելառուսական հարաբերությունների մակարդակը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կայացած հանդիպման ընթացքում Սարգսյանը գործունեության ավելի քան հինգ տարիները հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման տեսակետից գնահատել է արդյունավետ`ընդգծելով երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և տնտեսական փոխգործակցության դրական դինամիկան:
Խոսելով տարբեր ոլորտներում համագործակցության մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը և Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են, և նրանց միացնում են նաև անվտանգության ապահովման խնդիրները:
Իր հերթին Դոլգոպոլովան նշել է, որ, լինելով Հայաստանում Բելառուսի առաջին դեսպանը, ձգտել է համակարգային հարաբերություններ ձևավորել և գոհ է, որ հաջողվել է լավ հիմքեր ստեղծել փոխշահավետ գործակցության հետագա զարգացման համար:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած աջակցության համար և նշել է, որ Հայաստանից մեկնում է հարուստ տպավորություններով ու վառ հիշողություններով, այստեղ անցկացրել է անմոռանալի տարիներ և ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ:
Նա վստահեցրել է, որ միշտ կմնա Հայաստանի լավ բարեկամը:
Նախագահ Սարգսյանն իր հերթին հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ: -0-