ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ լրացումներ է մտցրել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում

ՀՀ խորհրդարանը չորեքշաբթի տեղի ունեցած նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթը, որը նախատեսում է անցում թվային հեռարձակման։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, թվային հեռարձակմանն անցնելը Հայաստանի պարտավորությունն է՝ Միջազգային հեռահաղորդակցության միության առջև։
«Միության կողմից սահմանված՝ թվային անցման վերջնաժամկետը 2015 թ.-ն է։ Սակայն եվրոպական երկրներում թվայնացումը կավարտվի 2010-2012 թթ.-ին, և Հայաստանը միջազգային զարգացումներից հետ չմնալու խնդիր ունի։ Թվային հեռարձակմանն անցնելու արդյունքում հեռուստացույցը կվերածվի ինքնատիպ համակարգչի, և մենք կկարողանանք ոչ միայն դիտել տարբեր ծրագրեր, այլև ընտրություն կատարել», - ասաց Երիցյանը։
Նախարարի խոսքերով, թվային հեռարձակման անցնելու շնորհիվ կապահովվի նաև մուտք Ինտերնետ։ Երիցյանը հավաստիացրեց, որ Հայաստանը ի վիճակի է արդեն 2010 թ.-ին սկսել լայնամասշտաբ աշխատանքներ՝ անալոգային հեռարձակումից թվային ձևաչափի անցնելու ուղղությամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է գնահատել այս ամեն համար անհրաժեշտ ծախսերը։
Ինչպես կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, նման հաշվարկները հնարավորություն կտան սահուն անցում կատարել և չխախտել հեռարձակողների իրավունքները։ «Ծրագիրը բավականին հավակնոտ է և նախատեսում է մասնագիտական աուդիտի անցկացում, գործողությունների հստակ ծրագրի կազմում», - նշեց Երիցյանը։
Միաժամանակ նախարարն ավելացրեց, որ փոփոխությունների նախագծով առաջարվկում է վերանայել հեռուստառադիոհեռարձակման լիցենզիաների տրամադրման կարգը։ Մասնավորապես, ենթադրվում է մինչև 2010 թ.-ը չհայտարարել հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման նոր մրցույթ և 2008-2010 թթ. ընկած ժամանակահատվածում հեռարձակման համար լիցենզիաներ տրամադրել միայն երկու տարի ժամկետով՝ ներկայիս յոթ տարվա փոխարեն։
«Այսպիսով, 2010 թ.-ին հեռուստառադիոհեռարձակման մրցույթի հայտարարման ժամանակ բոլոր ընկերությունների առջև հավասար պայմաններ կդրվեն», - ասաց Երիցյանը։-0-