ՀՀ արտգործնախարարը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է Թուրքիայի նախագահի Երևան կատարած այցի արդյունքները
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ երկրների դեսպանների և Երևանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ աշխատանքային ճաշի ժամանակ ներկայացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երևան կատարած այցելության արդյունքները։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը` առանց նախապայմանների Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու վերաբերյալ:
Աշխատանքային ճաշի ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը:
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ այցելել է Հայաստան սեպտեմբերի 6-ին՝ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հրավերով։ Հրավերի առիթը Երևանում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումն էր։-0-