Երևանի քաղաքապետարանն արտոնել է ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի մոտ

09.09.2008, 19:15
Երևանի քաղաքապետարանն արտոնել է ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի մոտ
Երևանի քաղաքապետարանն արտոնել է ընդդիմության հանրահավաքը Մատենադարանի մոտ

Երևանի քաղաքապետարանն արտոնել է հայկական ընդդիմության հանրահավաքը, որը սեպտեմբերի 15-ին ծրագրվում է անցկացնել հինավուրց ձեռագրերի պահոց «Մատենադարանի» մերձակայքում, երեքշաբթի հայտնեցին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ քաղաքապետարանը բազիցս մերժել էր արմատական ընդդիմության՝ Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում հանրահավաքներ ու երթեր անցկացնելու մասին դիմումները՝ առաջարկելով «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարակից տարածքի կամ «Դինամո» մարզադաշտի մերձակայքի ընտրությունը։

Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի՝ «Նովոստի-Արմենիա» գործակալություն ուղարկած հաղորդագրության համաձայն, ՀՀ քաղաքացի Լևոն Տեր-Պետրոսյանի և «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 5-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին, որոնք, ըստ առաջին իրազեկման, մեկնարկելու են Մատենադարանին հարող տարածքում կամ Ազատության հրապարակում և ավարտվելու են երթով:

«Առանց կազմակերպիչների ներկայության անցած քննարկումների արդյունքում ընդունված որոշումներով սեպտեմբերի 15-ին նախատեսվող հանրահավաքի անցկացումն ընդունվում է ի գիտություն, իսկ երթն արգելվում է»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։

Միաժամանակ կազմակերպիչներին առաջարկվել է սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին և 16-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին «Հրազդան» մարզադաշտի հարավային տրիբունայի հարևանությամբ գտնվող տարածքում կամ «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում։

Փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ով հավաքել էր ընտրողների ձայների 52,82 տոկոսը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվեց տասը քաղաքացի և վիրավորվեց 265-ը։

Հունիսի 20-ից օգոստոսի 1-ը ընդդիմությունը երեք հանրահավաք է անցկացրել Մատենադարանի մոտ, որոնք արտոնված չեն եղել քաղաքային իշխանությունների կողմից, սակայն ոստիկանությունը ընդդիմության հետ բանակցություններից հետո չի խանգարել դրանց անցկացմանը։ --0--