ՀՀ խորհրդարանի խոսնակի փոփոխման մասին ՀՀԿ որոշումը թելադրված է կադրային քաղաքականությամբ. կուսակցության փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ խորհրդարանի խոսնակի փոփոխման մասին Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության որոշումը թելադրված է կադրային քաղաքականության մարտավարությամբ, ասաց կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը։
«Կուսակցությունն իր կադրային քաղաքականությունը որոշում է ներքին խոհանոցում և պարտավոր չէ բացատրել իր բոլոր քայլերը, բայց քանի որ ՀՀԿ-ն ազնիվ և թափանցիկ է գործում, այդ իսկ պատճառով էլ հայտնել է իր որոշման մասին հասարակությանը»,- նա երեքշաբթի ասաց լրագրողներին։
Զոհրաբյանը նշեց, որ արտասովոր ոչինչ չի պատահել՝ «դա կուսակցության նորմալ կադրային քաղաքականությունն է ու բնական վերադասավորում»։
«Սա ֆուտբոլի նման է, մարզիչը կարող է դաշտում փոխել խաղացողին, բայց դա չի նշանակում, որ նա վատ է աշխատել, պարզապես տվյալ փուլում մյուս խաղացողն է ավելի նպատակահարմար»,- ասաց նա։
Ընդ որում նա ասաց, որ Թորոսյանը այս ողջ ընթացքում լավ է աշխատել խորհրդարանում, և խնդիրը բոլորովին այն չէ, որ նա չի արդարացրել իրեն Ազգային Ժողովի ղեկավարի պաշտոնում։
Միևնույն ժամանակ ՀՀԿ փոխնախագահը չբացառեց, որ կուսակցության շարքերում գործադիր մարմնի որոշումից դժգոհ մարդիկ կան, բայց «կա կուսակցության ղեկավարություն, և նրան պետք է վստահել»։
«Մեր առաջնորդը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսնակի փոփոխման վերաբերյալ իր դիրքորոշումը հիմնավորեց կուսակցության ղեկավարության առաջ, բայց այդ փաստերը հրապարակման ենթակա չեն»,- ասաց Զոհրաբյանը։
ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ Թորոսյանը մեծ քաղաքական ու իրավական փորձ ունի, և նրա գիտելիքներն ու հմտությունները կարող են հետագայում էլ պետք գալ, սակայն նա դժվարացավ ասել, թե գործող խոսնակն ինչ պաշտոնի կարող է հավակնել։ --0--