Հայաստանի բուհական համակարգի որակավորման ազգային շրջանակներն անհրաժեշտ է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին. նախարար

08.09.2008, 20:11
Հայաստանի բուհական համակարգի որակավորման ազգային շրջանակներն անհրաժեշտ է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին. նախարար
Հայաստանի բուհական համակարգի որակավորման ազգային շրջանակներն անհրաժեշտ է համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին. նախարար

Հայաստանը կարևորություն է տալիս որակավորման ազգային շրջանակների մշակմանը ազգային և եվրոպական մակարդակներում՝ շեշտը դնելով դրանք միմյանց հետ ներդաշնակեցնելու վրա, ասաց ՀՀ գիտության և կրթության նախարար Սպարտակ Սեյրանյանը։  

Որակավորման ազգային շրջանակների մշակումը բարձրագույն կրթության համակարգում Բոլոնյան գործընթացի բաղկացուցիչներից է, որի մասնակից երկրները պարտավորվել են մինչև 2010 թ.-ն ավարտել այն։ Հայաստանը միացել է Բոլոնյան կոնվենցիային 2005 թ.-ին, իսկ 2006-ի նոյեմբերին հանրապետության կառավարությունը հաստատել է բարձրագույն պրոֆեսիոնալ կրթության ոլորտում Բոլոնյան կոնվենցիանի սկզբունքների իրականացման գրաֆիկը։

«Ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական հարթություններում բարձրագույն կրթության բարեփոխման համակարգում առանցքային դեր պետք է խաղա որակավորման շրջանակների ազգային համակարգ մշակելն ու այն եվրոպական տարբերակի հետ համեմատելը»,- Սեյրանյանը երկուշաբթի ասաց լրագրողներին  Եվրախորհրդի բարձրագույն կրթության որակավորման շրջանակների հարցերով միջազգային գիտաժողովի ընթացքում։   

Նրա խոսքերով, որակավորման շրջանակները եվրոպական մակարդակում ուղղված են բարձրագույն կրթության ազգային համակարգի թափանցիկության ու հրապարակայնության բարձրացմանը՝ օգտագործելով համադրելի կրթական աստիճաններն ու դիպլոմի եվրոպական հավելվածը, ինչպես նաև ազգային չափանիշների միջազգային ճանաչման գործում աջակցությանը և ուսանողների շարժունակության խթանմանը։

«Հայաստանում որակավորման ազգային շրջանակներ ստեղծելը կնպաստի կրթության ազգային չափանիշների եվրոպական ու միջազգային ճանաչմանը, բուհական համակարգի գրավչության բարձրացմանը, ինչպես նաև ուսանողական ու մանկավարժական կազմերի երկկողմանի համագործակցության ու շարժունակության ընդլայնմանը»,- ընդգծեց նա։    

Իր հերթին, Եվրախորհրդի բարձրագույն կրթության և հետազոտությունների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Ռեստույեն (Jean-Philippe Restoueix) նշեց, որ բարձրագույն կրթության համաեվրոպական համակարգ ստեղծելը քաղաքական, սոցիալական և մշակութային նպատակներ է հետապնդում։

«Այս համատեքստում Բոլոնյան գործընթացը բոլոր իր բաղադրիչներով անհրաժեշտ է դիտարկել որպես քաղաքական գործընթաց, որը կբարձրացնի 21-րդ դարում եվրոպական տարածաշրջանում բարձրագույն կրթության դերը։ Իսկ դա, իր հերթին, կախված է պետական կառույցների, բուհերի, գիտական հաստատությունների, ինչպես նաև ուսանողների ու ընդհանրապես հանրության ներկայացուցիչների կոնկրետ ակնկալիքներից»,- հստակեցրեց նա։

Այդ իսկ պատճառով, Ռեստույեի խոսքերով, որակավորման շրջանակները պետք է դիտել ոչ թե բյուրոկրատական հրամանի տեսանկյունից, այլ որպես եվրոպական կրթության համակարգի սահմաններն ու դերը հանրության համար կարևոր դարձնելու հնարավորություն։

Սեպտեմբերի 8-ին Ծաղկաձորում մեկնարկած երկօրյա գիտական համաժողովին մասնակցում են պատվիրակություններ Դանիայից, Իտալիայից, Անգլիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Ղազախստանից, Լատվիայից և Ուկրաինայից, ինչպես նաև հայկական և եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները քննարկում են ազգային որակավորման շրջանակներ ձևավորելու, ինչպես նաև եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր հարթության մեջ մեկը մյուսին համապատասխանեցնելու հարցերը ։-0-