Երևանում անդրադարձել են ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերին. /Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի հետ:
Էդվարդ Նալբանդյանը և Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը քննարկեցին ՍԾՏՀ-ում Հայաստանի առաջիկա նախագահության և այդ ընթացքում իրականացվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:
Անդրադարձ կատարվեց ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին, իրականացվելիք բարեփոխումներին և ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Ներկայացնելով ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունները` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ շրջանակներում էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում բազմակողմ համագործակցությունը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է իր նախագահության ընթացքում, ոչ միայն ապահովել ՍԾՏՀ գործունեության շարունակականությունը, այլև նոր տարրերով հարստացնել կազմակերպության գործունեությունը:-0-