«Սրբազան Հայաստան» միջոցառումների շարքը Երևանում կմեկնարկի սեպտեմբերի 6-ին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում 2008թ. սեպտեմբերի 6-7-ը կկայանա «Սրբազան Հայաստան» միջոցառումների շարքը՝ շարունակելով նպաստել կրոնական ժառանգության ճանաչմանը, պահպանությանն ու արժևորմանը:
Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետությունում Եվրահանձնաժողովի ներկայացուցչությունից, ակցիային կմիանան մայրաքաղաքային և մարզային թանգարանները։ ՀՀ մշակույթի և բնապահպանության նախարարների հրամաններով հանրության համար բաց և անվճար կհայտարարվեն հանրապետության թանգարանները, պատմամշակութային և բնապահպանական արգելոց-թանգարանները:
Հաղորդագրությունում նշվում է, ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ ազգային մշակութային հնագույն արմատներ ունեցող Հայաստանում, կրոնական ժառանգությունը կազմում է մշակութային ժառանգության ամենաստվար բաժինը։ «Այն մեր հավատալիքների, գիտակցության և պատմական հիշողության անմիջական արտահայտությունն ու կրողն է: Անվիճելի է, որ շատերի գիտակցության մեջ «հուշարձան» ու «տեսարժան վայր» հասկացությունները զուգորդվում են հենց պաշտամունքային ճարտարապետական կոթողների ու դրանց միջավայրի հետ. կրոնական ժառանգությունն ու սրբացված վայրերն անբաժանելի են Հայաստանի բնապատկերից, տեղանուններից, ծեսերից ու ժողովրդական տոներից»։
Հին աշխարհի կրոնական հավատալիքների վկայությունն են Հայաստանի հնավայրերում պեղումներից բացված պաշտամունքային հուշարձաններն ու գտածոները՝ Էրեբունի (Խալդի տաճար, Սուսի տաճար), Մեծամոր (սրբարաններ), Արմավիր ու Արտաշատ քաղաքատեղիներ և, իհարկե, Հայաստանում հեթանոսական ճարտարապետության եզակի հուշարձանը՝ Գառնու տաճարը՝ նվիրված արևի աստծո՝ Միհրի պաշտամունքին:
Հայ ժողովրդի շուրջ 2 հազարամյա քրիստոնեական հավատի շարունակականության քարեղեն վկայությունը՝ վանական համալիրները, եկեղեցիները, մատուռները և խաչքարերը ոչ միայն ուշագրավ են վաղ քրիստոնեական կառուցողական արվեստի ու ճարտարապետության պատմության տեսանկյունից, այլև կազմում են հայկական մշակութային անշարժ ժառանգության միջուկը։
ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում շուրջ 1300 պահպանական միավորներ, անկախ իրենց պահպանվածության աստիճանից, ներկայացնում են քրիստոնեական պաշտամունքային հուշարձանները:
Մեկուսի, բնակավայրից դուրս կառուցված տեղական նշանակության մատուռից մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Հայաստանը ներկայացնող Սուրբ Էջմիածնի Մայր տաճար, Հաղպատ, Սանահին կամ Գեղարդավանք, պետական պահպանության ու հոգածության ներքո են: Դրանց թվում է նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների կրոնական ժառանգությունը՝ ռուսական, հունադավան, ասորական եկեղեցիները, ինչպես նաև մահմեդական հուշարձանները (Կապույտ մզկիթ, Արգավանդի դամբարան, հրեական ու քրդական գերեզմաններ և այլն):
2008 թ.-ին Եվրոպայի խորհրդի անդամ-երկրներում մշակութային ժառանգության պահապանները կմիավորեն իրենց ջանքները՝ անցկացնելու Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից 1991թ.-ից ի վեր համատեղ մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերը»:
Հաշվի առնելով, որ միջազգային ատյանների կողմից կրոնների թեման ավելի ու ավելի է ճանաչվում որպես խաղաղ և կայուն ապագայի կառուցման գործոն, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) որոշմամբ 2008-ը հայտարարվեց պաշտամունքային ժառանգության տարի` ստանալով «Կրոնական ժառանգություն և սրբատեղիներ» խորագիրը: --0--