«ArmTech Congress-08» բարձր տեխնոլոգիաների երկրորդ կոնգրեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-5-ին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ArmTech Congress-08» բարձր տեխնոլոգիաների երկրորդ կոնգրեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-5-ին։
Ինչպես ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, կոնգրեսը բարձր տեխնոլոգիաների բնագավառում երկարաժամկետ հեռանկարները քննարկելու հնարավորություն է տալիս։
«Բարձր տեխնոլոգիաները բավականին ագրեսիվ են զարգանում ողջ աշխարհում, և Հայաստանը, որպեսզի ետ չմնա, պետք է ավելի ագրեսիվ քաղաքականություն իրականացնի՝ բարձրացնելով երկրի հեղինակությունը՝ պարբերաբար անցկացվող կոնգրեսների, կապերի հաստատման, սփյուռքի ներուժի, միջազգային կորպորացիաների և գիտնականների ներգրավման միջոցով», - ասաց Երիցյանը։
Ինչպես կարծում է նախարարը, կոնգրեսի հաջողությունը կախված կլինի դրա գործունեության արդյունավետությունից և քննարկումների օրակարգից։ «Մենք պետք է ակտիվորեն զարգանանք, որպեսզի ոչ միայն հասնենք, այլև շրջանցենք մեր բոլոր մրցակիցներին», - ասաց Երիցյանը։
Միաժամանակ Հայկական տեխնոլոգիաների գլոբալ կոնգրեսի (Armenian Technology Congress) ArmTech նախագահ, «Վիասֆեր Ինթերնեյշնլ» (Viasphere International Inc., Silicon Valley, USA) ընկերության ղեկավար Տոնի Մորոյանը նշել է, որ կոնգրեսին ծրագրվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, եվրոպական այլ երկրների բազմաթիվ ընկերությունների 250 ներկայացուցիչների, Միջին Ասիայի, Հարավային Ամերիկայի ներկայացուցիչների մասնակցությունը։
Նա նշեց, որ կոնգրեսի ընթացքում կքննարկվեն առաջին կոնգրեսի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնագրերը։ «Կոնգրեսը լայն հնարավորություններ է տալիս՝ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն վերածելու գործում, քանի որ դրան կմասնակցեն ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խոշոր կորպորացիաների, այլև ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ», - ասաց Մորոյանը։
Նա նշեց, որ սա նման ձևաչափում անցկացվող առաջին կոնգրեսն է Հայաստանում և ընդգծեց, որ քննարկումների ընթացքում կարող են ի հայտ գալ հետաքրքիր որոշումներ, որոնցից մի քանիսը, որոնք հնչեցվել են անցած կոնգրեսի ժամանակ, արդեն կյանքի են կոչվում։
Կոնգրեսն անցկացվում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» նշանաբանի ներքո։ Կոնգրեսը նպատակաուղղված է գործարար հնարավորությունների, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների խթանմանը։
Կոնգրեսի ծրագրում ընդգրկված են հիմնական տեխնիկական և բիզնես զեկույցներ, թեմատիկ քննարկումներ արդյունաբերության և գիտակրթական ոլորտի վերաբերյալ։
Մասնավորապես, օրակարգի գլխավոր տեխնիկական թեմաներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիան և դեղագործությունը, նուրբ օրգանական քիմիան, այլընտրանքային էներգիան, կիսահաղորդիչները, թվային հաղորդակցումը, ենթակառուցվածքները։
Կոնգրեսի օրակարգի գլխավոր բիզնես-թեմաներն են կրթությունը, քաղաքականությունն ու պաշտպանությունը, մտավոր սեփականությունը, ներդրումները, աութսորսինգը (արտաքին ներուժ)։ Միաժամանակ կոնգրեսին մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետները երկարացվել են մինչև սեպտեմբերի 8-ը։
Բարձր տեխնոլոգիաների միամսյակը Հայաստանում անցկացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խոշորագույն ընկերությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ։
ArmTech առաջին կոնգրեսն անցկացվել է 2007 թ.-ի հուլիսի 4-7-ը Սան Ֆրանցիսկոյում։ Կոնգրեսին մասնակցել է աշխարհի շատ երկրների ավելի քան 350 ներկայացուցիչ։ Հայաստանը ներկայացրել են 60 գործարարներ և 11 գործարար ու կրթական կազմակերպություններ։-0-