UNICEF-ը մեկնարկում է անապահով ընտանիքների աջակցության և «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքներում» նախագիծը

04.09.2008, 16:32
UNICEF-ը մեկնարկում է անապահով ընտանիքների աջակցության և «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքներում» նախագիծը
UNICEF-ը մեկնարկում է անապահով ընտանիքների աջակցության և «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքներում» նախագիծը

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հայտարարել է անապահով ընտանիքների աջակցության և «Օգնենք երեխաներին ապրել ընտանիքում» նախագծի մեկնարկի մասին։ Այդ առիթով հինգշաբթի «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում կայացավ նոր սոցիալական տեսահոլովակի շնորհանդեսը։

«Ակցիայի նպատակն է միջոցներ հավաքել անապահով ընտանիքներին աջակցելու համար մանկատներից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նպատակով»,- հինգշաբթի «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում լրագրողներին հայտնեց Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Շելդոն Յեթը (Sheldon Yett)։

Նրա խոսքերով, ներկայում Հայաստանի մանկատներում ապրող 1300 երեխաների 80 տոկոսը գոնե մեկ ծնող ունի։ Նա նշեց, որ վիճակագրական տվյալների համաձայն, ծնողական խնամակալությունից զուրկ երեխաները մյուսներից ավելի են թրաֆիքինգի ռիսկի ենթարկված։

«Սոցիալական խնդիրների պատճառով երեխաները հայտնվում են մանկատներում, ինչը զրկում է նրանց ծնողական սիրուց, գուրգուրանքից, խնամքից։ Մենք հնարավոր ենք համարում նման երեխաներին ընտանիք վերադարձնելը մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների կողմից աջակցության հաշվին, պետության հետ համագործակցության միջոցով»,- ասաց  Յեթը։

Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխատանքների կազմակերպում սոցիալական աշխատողների և հասարակական կազմակերպությունների միջոցով, որոնք տեղում կպարզեն ընտանիքների կարիքները և կօգնեն նրանց՝ ապահովելով անհրաժեշտ պայմաններ։ «Մենք հստակ հետևելու ենք, որ հատկացված միջոցները նպատակային և արդյունավետ օգտագործվեն»,- ասաց Յեթը։

Ըստ այդմ նա նշեց, որ UNICEF-ն իր առջև խնդիր չի դնում օգնել որոշակի թվով երեխաների՝ ընդգծելով, որ ակցիան շարունակական է լինելու։ «Հաշվի առնելով, որ նման մոտեցումները մտնում են Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքը, սա միայն լրացուցիչ խթան կհանդիսանա ծրագրի իրագործման համար»,- հավելեց նա։

Իր հերթին HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը նշեց, որ բանկն աջակցություն է ցուցաբերում UNICEF-ի միջոցների հանգանակման ծրագրին և արդեն ընդհանուր գործում իր առաջին ներդրումն է կատարել 15 հազար դոլարի չափով։

Ավելին, նրա խոսքերով, բանկն իր բոլոր քարտապաններին և հաճախորդներին իրենց համաձայնությամբ կառաջարկի UNICEF-ի հիմնադրամ փոխանցել այն փոքր մնացորդները, որ առաջանում են միջոցների կանխիկացման յուրաքանչյուր գործառույթից հետո։

«Բանկը կարևոր է համարում հասարակության առջև իր սոցիալական պատասխանատվությունը և անհրաժեշտ է համարում աջակցության ցուցաբերումը երեխաների կրթության և ընտանիքներում պահպանելու հարցում, ինչը կարող է կատալիզատոր դառնալ ծրագրում այլ դոնորների մասնակցության համար»,- ասաց Սլեյթերը։

UNICEF-ի Բարի Կամքի դեսպան Ալլա Լևոնյանի կարծիքով, տեսահոլովակը, որ հեռարձակվելու է Հայաստանի հեռուստաալիքներով, մեծ տպավորություն է գործում։ «Անգամ ամենալավ մանկատունը երեխային երբեք չի փոխարինի ծնողներին, նույնիսկ եթե նրանք վատ պայմաններում են ապրում»,- ասաց Լևոնյանը։

Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2007թ. արդյունքներով Հայաստանի բոլոր տասներեք պետական և մասնավոր մանկատներում ապրում էր 1102 երեխա տարեսկզբի 1119-ի դիմաց։ -0-