Հայաստանը զարգացնելու է ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը զարգացնելու է ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։
«Մենք ամեն կերպ զարգացնելու և ընդլայնելու ենք Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, որ հիմնված է մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Մենք պետք է լիարժեք օգտագործենք հարաբերությունների ողջ ներուժը», - ասել է Սարգսյանը նախօրեին՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ։
Սարգսյանի խոսքերով, սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ իր ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են այդ համագործակցությունը լրջորեն խթանող տարածաշրջանային նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր։
Միաժամանակ նախագահը նշել է, որ Հայաստանը մտադիր է ընդլայնել և ամրապնդել բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։
«Մենք պետք է լիարժեք տիրապետենք ԵՄ հետ համագործակցության ոլորտում առկա բոլոր գործիքներին և արդյունավետ օգտագործենք դրանք։ ԵՄ անդամ-պետությունների հետ մեր երկկողմ հարաբերություններում մենք պետք է հաշվի առնենք հարևանության քաղաքականության մեր գործողությունների ծրագրի նպատակները և փորձենք դարձնել դրանք երկկողմ համագործակցության օրակարգի բաղկացուցիչ մաս», - ասել է նախագահը։
Նա նշել է, որ իր անձնական հսկողության տակ է վերցրել հարևանության քաղաքականության ծրագրի կատարումը և պնդելու է, որ գործողությունների ծրագիրը կատարվի նախատեսված ժամկետներից շուտ։
ՀՀ նախագահի խոսքերով, խոսելով եվրոպական ուղղության մասին՝ անհրաժեշտ է նկատի ունենալ ոչ միայն եվրոպական կառույցները, այլև երկկողմ հարաբերություններն ինչպես այն երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական կապեր ենք ունեցել, այլև այնպիսի երկրները, որոնց հետ հարաբերությունները դեռևս բավարար մակարդակի չեն։
«Ես այս առումով կուզենայի հատուկ շեշտել Արևելյան Եվրոպայի երկրների հետ մեր հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև այդ երկրներից ոմանց հետ մեր պատմամշակութային կապերը։ Մենք առաջիկայում քայլեր ենք ձեռնարկելու՝ Բալթյան երկրներում և Սկանդինավիայում դեսպանատներ բացելու ուղղությամբ, բայց ձեզանից էլ ակնկալվում է, որ դուք առաջ քաշեք այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնելու բովանդակային ռազմավարություն։ Զուտ դեսպանատան առկայությունը բավարար չէ, որպեսզի մենք կարողանանք հաստատել մեզ համար անհրաժեշտ հարաբերությունների մակարդակ», - ասել է նախագահը։-0-