Հակամարտությունների հանգուցալուծումների մեջ սկսում են գերակշռել նախադեպ չհամարվող բացառությունները. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում է, որ նախադեպ չհամարվող բացառությունները սկսում են գերակշռել գոյություն ունեցող հակամարտությունների հանգուցալուծումների մեջ։
«Թող կրկնեն, որ Կոսովոն նախադեպ չէ։ Հնարավոր է, որ ոմանք ասեն, որ Աբխազիան և Հարավային Օսեթիան նույնպես նախադեպ չեն, սակայն փաստը մնում փաստ, որ նախադեպ չհամարվող բացառությունները սկսում են գերակշռել նման հակամարտությունների հանգուցալուծումների մեջ», - ասել է Սարգսյանը նախօրեին՝ ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագետների ամենամյա հավաքի ժամանակ։
«Վերցնենք վերջին շատ կարճ ժամանակում տեղի ունեցած իրադարձությունները՝ Արևելյան Թիմոր, Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսեթիա։ Կարելի է, անշուշտ, այս ցանկին ավելացնել այլ անուններ, բայց կարծում եմ՝ թվարկվածը բավականաչափ է։ Ամենուրեք վճռորոշ խոսքը, վճռորոշ հանգամանքը ժողովրդի կամքն է, ժողովրդի ցանկությունն է՝ արտահայտված հանրաքվեի միջոցով», - ընդգծել է նախագահը։-0-