Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը Հայաստանում կնշվի սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 1-ը

03.09.2008, 17:40
Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը Հայաստանում կնշվի սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 1-ը
Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակը Հայաստանում կնշվի սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 1-ը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր համբարձումյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարությունները Հայաստանում կանցկացվեն սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 1-ը, հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Բյուրականի աստղաֆիզիկայի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։

«Տոնական միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում նախատեսվող նստաշրջաններով, որից հետո ծրագրված է միջազգային գիտական համաժողովի անցկացում Բյուրականում»,-չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը։  

Նրա խոսքերով, գիտական համաժողովը ծրագրվում է անցկացնել ամենաբարձր մակարդակով, քանի որ դրան հրավիրված են մասնագետներ աշխարհի ավելի քան 10 երկրներից, որոնք իրենց ժամանակից աշխատել են Համբարձումյանի հետ։ 

«Համաժողովի շրջանակներում կներկայացվեն Համբարձումյանի գիտական աշխատությունների հիման վրա աստղաֆիզիկայի ոլորտում գրանցված հաջողությունները, որոնք արվել են հանրահայտ գիտնականի մահից հետո»,- ասաց Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ծրագրված է նաև «տիեզերական օբյեկտների շարժման հաշվին դրանց էվոլյուցիայի» թեմայով ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի անցկացում, հոդվածների և ամսագրերի հրապարակում, նրա կենսագրությամբ և տարբեր գիտնականներից, անձամբ Համբարձումյանի ծանոթներից հավաքած տվյալներով DVD-ի թողարկում։ 

«Մենք նաև ծրագրում ենք բացել աստղադիտարանի գլխավոր մուտքը, որը նախագծվել է Համբարձումյանի կյանքի օրոք, սակայն այս բոլոր տարիների ընթացքում չի օգտագործվել, ինչպես նաև գերեզմանատան վերականգնում, որտեղ թաղված է նրա աճյունը և որը ևս գտնվում է աստղադիտարանի տարածքում»,- ասաց Հարությունյանը։ 

Հոբելյանի առնչությամբ կհրապարակվեն հուշագրություններ, որտեղ զետեղված են մեծ գիտնականի մասին հիշողություններ, իսկ Հայաստանի կենտրոնական բանկի կողմից արդեն շրջանառության մեջ է դրվել Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հուշադրամը։  

Ծրագրված է նաև կոմպակտ օբյեկտների մեծ միջազգային գիտական համաժողով Երևանի պետական համալսարանում, որոնց հետազոտությամբ ժամանակին զբաղվել է Համբարձումյանը։

«Իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ին, ծրագրված է աստղադիտարանի տարածքում բացել Համբարձումյանի կիսանդրին, իսկ հաջորդ օրը Երևանում կանցկացվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավոր նիստ»,- ասաց Հարությունյանը, չբացառելով, որ արարողությանը կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։  

Վիկտոր Համբարձումյանը հայ հայտնի աստղագետ և աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի հինադիրներից մեկը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին: Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի: Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:-0-