Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան այցելելու հրավերը թուրքական կողմին ցայտնոտի մեջ է գցել

03.09.2008, 15:25
Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան այցելելու հրավերը թուրքական  կողմին ցայտնոտի մեջ է գցել
Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան այցելելու հրավերը թուրքական  կողմին ցայտնոտի մեջ է գցել

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը  համատեղ դիտելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան այցելելու հրավերը թուրքական  կողմին ցայտնոտի մեջ է գցել, ասաց Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիային կից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի  տնօրեն Հայկ Դեմոյանը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։

Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այս ճիշտ քայլը բավական ձեռնտու է այն տեսակետից, որ որոշում ընդունելու համար թուրքական կողմին  քիչ ժամանակ էր մնացել։ Թուրքիան հայտնվեց ցայտնոտային կամ, շախմատային լեզվով ասած, ցուգցվանգի իրավիճակում»,- չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Դեմոյանը։

Նա ընդգծեց, որ Գյուլի՝ Երևան կատարելիք այցը դեռ պաշտոնապես չի հաստատվել, և իրավիճակը վերջնականապես կպարզվի սեպտեմբերի 5-ին կամ ֆուտբոլային հանդիպման օրը՝ սեպտեմբերի 6-ին։

Դեմոյանի խոսքերով, այս հարցի առնչությամբ թուրքական կողմից պահանջվում է դիրքորոշման հստակեցում։

«Ինչպիսին էլ լինեն թուրքական կողմի հաշվարկները, դրական պատասխանի դեպքում հետագայում մենք կդառնանք հարաբերությունների զարգացման վկաներ, իսկ հրավերից հրաժարվելը բացասական ազդակ կդառնա ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային հանրության համար»,- նշեց նա։

Արևելագետը գտնում է նաև, որ Գյուլի այցը կարող է «ապագայում հետագա զարգացումների սկիզբ դնել, սակայն պետք չէ որևէ հարցերի անմիջական լուծում ակնկալել»։

«Ես կասկածում եմ, որ միանգամից հնարավոր լինի լուծել սահմանների բացման հարցը, բայց հետագայում կարող են հետևել հայ և թուրք դիվանագետների հանդիպումները տարբեր ձևաչափերով»,- ասաց նա՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Բնութագրելով Թուրքիայի նախագահի հնարավոր այցը Հայաստան որպես դրական արձագանք հայկական պետության ղեկավարի քայլին ՝ Դեմոյանը չբացառեց Սարգսյանի՝ թուրքական կողմի համանման հրավերն ընդունելու հավանականությունը։ -0-