Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք չէ կապել Հայոց ցեղասպանության հարցի հետ. պատմաբան
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պետք չէ կապել Հայոց ցեղասպանության հարցի հետ, ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։
«Դիվանագիտական հարաբերությունների վերսկսումն ու սահմանների բացումը բնական միջազգային գործընթաց է, և որևէ այլ խնդիր չպետք է քննարկվի համատեղ», - ասաց Դեմոյանը չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
Միաժամանակ նա կարծում է, որ հարաբերությունների վերսկսման և սահմանների բացման հարցը կարող է քննարկվել տարբեր ձևաչափերում, այդ թվում նաև մուտքի և ելքի համար տարբեր սահմանային ռեժիմների հաստատման միջոցով։
Անդրադառնալով 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին՝ Դեմոյանն ընդգծեց, որ այս հարցը չպետք է երկրորդ պլան մղվի։
«Ոչ մի քաղաքական քայլ, գործողություն կամ զարգացում չի կարող երկրորդ պլան մղել ժողովրդի հիշողությունը։ Դա պատմականորեն բացառվում է, քանի որ դա համահայկական մասշտաբի խնդիր է, և այս հարցում բացառված է որևէ տեսակի առևտուրը», - հայտարարեց նա։
1915-1923 թթ. Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպել և ծրագրված իրականացրել է երիտթուրքական կառավարությունը։ 1915-1923 թթ.-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը սկզբունքային նշանակություն ունի հայ ժողովրդի համար, քանի որ Ցեղասպանությունն իրականացվել է՝ Հայկական հարցը փակելու նպատակով։ -0-