«Թումանյանական հեքիաթի օր» միջազգային տիկնիկային փառատոնը կբացվի Հայաստանում սեպտեմբերի 6-ին
2008թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում կկայանա «Թումանյանական հեքիաթի օր» երրորդ միջազգային տիկնիկային փառատոնը, տեղեկացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի (UNIMA-Armenia) նախագահ Արմեն Սաֆարյանը։
Փառատոնը կանցկացվի Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ հայ մեծ բանաստեղծ և գրող, 20-րդ դարի հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի հայրենիքում։
«Մենք իսկական տոն ենք պատրաստում երեխաների համար, իսկ փառատոնի բացումը հատուկ կլինի ինչպես հյուրերի, այնպես էլ փառատոնի մասնակիցների համար»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սաֆարյանը։
Գեղարվեստական ղեկավարը հայտնեց նաև, որ «Թումանյանական հեքիաթի օրվա» մասնակիցները կլինեն 16 թատերախմբեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Ռուսաստանից, Լիտվայից և Սլովենիայից։
Մասնակիցների թվում Սաֆարյանն առանձնացրեց Լիտվայի և Սլովենիայի թատերախմբերը, որոնք կներկայացնեն Հանս Քրիստիան Անդերսենի «Մատնաչափիկը» և «Հովվուհին և խոզապահը» հեքիաթների հիման վրա բեմադրված ներկայացումները։ Երևանյան թատրոնները երեխաներին կուրախացնեն Թումանյանի հեքիաթների թեմաներով բեմադրած ներկայացումներով։
Միաժամանակ Սաֆարյանը նշեց փառատոնի հիմնական նպատակը՝ տարածաշրջանում տիկնիկային թատերարվեստի զարգացումն ու ակտիվացումը։
«Մեր փառատոնն ավանդական է դառնում, տարեցտարի մեծանում է մասնակիցների թիվը, ինչը վկայում է Հայաստանում արվեստի այս ուղղության զարգացման մասին»,- ասաց նա։
Գեղարվեստական ղեկավարի հետ միասին մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև Կարապետ տիկնիկը, որը և կդառնա տիկնիկային փառատոնի խորհրդանիշը։
«Հինգ հոգուց բաղկացած ժյուրիի կազմը կընտրի լավագույն բեմադրությունները՝ 13 անվանակարգերում։ Իսկ հաղթողները որպես պարգև կստանան Կարապետի արձանիկները»,- հայտնեց Կարապետի դերակատար դերասանը։
Սաֆարյանը հավելեց, որ փառատոնի շրջանակներում նախատեսված է վարպետության դասընթացների անցկացում։
«Թումանյանական հեքիաթի օր» երրորդ միջազգային տիկնիկային փառատոնի կազմակերպիչը Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնն ՝ Բաց հասարակության ինստիտուտի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-