Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է գերտերությունների շահերից. փորձագետ

03.09.2008, 14:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է գերտերությունների շահերից. փորձագետ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է գերտերությունների շահերից. փորձագետ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերաբերում է ոչ միայն Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններին, այլև շոշափում է գերտերությունների շահերը, ասաց ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Այսօրվա դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների պաշտոնական կարգավորումը բխում է գերտերությունների շահերից, որոնց կողմից այս հարցում որոշակի ճնշում է նկատվում Թուրքիայի նկատմամբ», - ասաց նա չորեքշաբթի լրագրողներին՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Դեմոյանը կարծում է, որ երկկողմ հարաբերությունների վերականգնումը կարող է խթան դառնալ՝ տարածաշրջանում որակապես նոր և արագընթաց փոփոխությունների համար։

«Եվ այս լույսի ներքո մեր առջև կանգնած հիմնական խնդիրը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցն է, ինչը կարևոր է յուրաքանչյուր երկրի և յուրաքանչյուր հասարակության կենսագործունեության համար», - ընդգծեց նա։

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Հայաստան հնարավոր այցին՝ պատմաբանը նշեց, որ այս դեպքում աննախադեպ հնարավորություն կստեղծվի կոտրել սառույցը երկկողմ հարաբերություններում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ երկու երկրների թիմերի միջև 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը սեպտեմբերի 6-ին Երևանում դիտելու համար։

Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում, քանի որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 

«Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ հարաբերություների փաստացի բացակայությունից 16 տարի անց կարող է տեղի ունենալ մի երկրի առաջին դեմքի այցը այն պետություն, որի հետ հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ», - ասաց նա։

Միաժամանակ Դեմոյանը նշեց, որ եթե ավելի վաղ հարաբերությունների վերականգնման համար առաջ էին քաշվում նախապայմաններ, ապա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը որևէ նախապայման չի ունեցել։

Թուրքիան առաջ է քաշում մի շարք նախապայմաններ՝ երկկողմ հարաբերությունների հաստատման համար, մասնավորապես, Հայաստանի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարվելը, երբ սրի էր քաշվել շուրջ մեկուկես միլիոն հայ, Հայաստանի կողմից Թուրքիայի սահմանների ճանաչումը։

Բացի այդ, Թուրքիան զբաղեցնում է ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում։-0-