Թուրքական իշխող կուսակցությունից պատգամավորները չեն մեկնի Երևան՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետ խաղին

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունից (ԱԶԿ) խորհրդարանականները սեպտեմբերի 6-ին չեն մեկնի Երևան՝ Հայաստանի ընտրանու հետ իրենց ազգային հավաքականի ֆուտբոլային խաղին՝ 2010թ. ախարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Երևան չմեկնելու մասին պատգամավորների որոշումն ընդունվել է Էրդողանի հանձնարարությամբ, նշում է «Ռադիկալ» թերթը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե խաղին պատրաստվում էր մեկնել կուսակցության 30 ներկայացուցիչ։
Թուրքիայի և Հայաստանի ընտրանիների միջև հանդիպումը վերջին օրերին դարձել է Անկարայում ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Դա պայմանավորված է, առաջին հերթին, նրանով, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղին հրավիրել է իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին, սակայն վերջինը դեռ չի տվել վերջնական պատասխան հրավերին։
Թուրքիայի նախագահի գրասենյակն առայժմ լռում է Գյուլի ծրագրերի մասին։
«Ռադիկալ» թերթն իր կողմից պնդում է, որ թուրք ղեկավարն արդեն որոշում է կայացրել վեց-յոթ ժամանոց այց կատարել Երևան, ընդ որում ոչ միայն ֆուտբոլային խաղը դիտելու, այլև իր հայ գործընկերոջ հետ երկկողմանի հարաբերությունները քննարկելու նպատակով։
Եթե ուղևորությունը կայանա, ապա այն կդառնա «պատմական», գտնում են վերլուծաբանները։ Նրանց խոսքերով, այն չափազանց կարևոր կլինի երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորման համար, որոնց միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։
Թուրքիայի նախագահի Երևան այցի հարցում Անկարայում ի սկզբանե չկար հայացքների միասնականություն, իսկ վերջին օրերին իսկական պառակտում տեղի ունեցավ, գրում են տեղական ԶԼՄ-ները։ Նրանք նշում են, որ Գյուլի այցը նպատակահարմար են համարում ԱԳՆ-ում և արդյունաբերողների ու ձեռներեցների միությունում, իսկ քաղաքական կուսակցություններում, այդ թվում՝ իշխող կուսակցությունում, ուղևորությանը դեմ են արտահայտվում։ -0-