ՀՀ արտգործնախարարն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնացը քննարկել են Գյուլի կայանալիք այցը Երևան
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չևիքյոզը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջև սեպտեմբերի 6-ին Երևանում կայանալիք խաղի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի` Երևան կատարելիք այցի մանրամասները, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից։
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաև Կովկասյան կայունության և անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը։ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը միշտ ողջունել և ողջունում է տարածաշրջանում վստահության ամրապնդման, կայունության, անվտանգության և համագործակցության խորացմանն ուղղված բոլոր ջանքերը։ Նրա խոսքերով, այդ նպատակի համար առաջարկվող՝ Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմի գաղափարը կարող է ողջունելի լինել:
ՀՀ արտգործանախարարն ասել է, որ Հայաստանը շարունակաբար հանդես է եկել տարածաշրջանի բոլոր երկրների հետ բարիդրացիական կապեր հաստատելու և Կովկասում տևական համերաշխություն հաստատելու տեսանկյունից:
Նալբանդյանն ու Չևիքյոզը մտքեր են փոխանակել նաև մի շարք միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ: -0-