Ղարաբաղի միջազգային ճանաչման համար աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել. ՍԻՄ

03.09.2008, 11:43
Ղարաբաղի միջազգային ճանաչման համար աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել. ՍԻՄ

Այսօր բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ԼՂՀ միջազգային ճանաչման համար, ասվում է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հայտարարության մեջ։

«Այսօր հասունացել է աննախադեպ բարենպաստ իրավիճակ ԼՂՀ-ի միջազգային ճանաչման համար, և հայ դիվանագիտությունը այլևս հապաղելու իրավունք չունի», - ասվում է կուսակցության մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված հայտարարության մեջ։

«Այն, ինչ վերջին 17 տարիներին չկարողացավ անել Հայաստանի և ԼՂՀ-ի դիվանագիտությունը, Ռուսաստանը արեց 20 օրվա ընթացքում, ինչով յուրօրինակ նվեր պարգևեց հայերիս ԼՂՀ հռչակման 17-րդ տարեդարձի առթիվ», - ասվում է փաստաթղթում։

ՍԻՄ-ում կարծում են, որ Ռուսաստանը կարևորեց պատմական գործոնը հետխորհրդային տարածքում ծագած հակամարտություններում, ճանաչեց ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի գերակայությունը տարածքային ամբողջականության նկատմամբ և այն կիրառեց որպես լուծում վերոհիշյալ հակամարտությունների մեջ։

Բացի այդ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, հակամարտությունների լուծման իրավական հիմքում Ռուսաստանը կարևորեց ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին օրենքը և այդտեղ արտացոլված ԽՍՀՄ ինքնավար կազմավորումների իրավունքները:

«Կարելի է նշել նաև բազմաթիվ վերլուծաբանների և քաղաքագետների կարծիքներ, որոնցում նույնպես կարևորվում է պատմական գործոնը, ազգերի ինքնորոշումը և ԽՍՀՄ փլուզման առանձնահատկությունները: Այսինքն` Արևմուտքը վերջապես հասկացավ, որ հետխորհրդային տարածքում ծագած կոնֆլիկտների պարագայում տարածքների ամբողջականության թեզը չի կարող դառնալ հակամարտության լուծման մեթոդ։ Ընդհակառակը, դրա անվերջ կրկնումը հակամարտությունը հասցնում է պատերազմական բախման` դրա բոլոր հետևանքներով հանդերձ», - նշվում է հայտարարության մեջ։

Նախօրեին նշված ԼՂՀ ճանաչման 17-րդ տարեդարձի կապակցությամբ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը շնորհավորել է ԼՂՀ հայրենակիցներին, Արցախի ղեկավարությանը և ողջ հայ ժողովրդին։-0-