Ջավախքի հայերին ինքնավարություն տալու հարցն այսօր արդիական չէ. հասարակական կազմակերպության համանախագահ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ջավախքի (Վրաստանի հայաբնակ տարածք) հայերին ինքնավարություն տալու հարցն այսօրվա դրությամբ արդիական չէ, կարծում է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ Հայկ Սանոսյանը։
«Եթե Ջավախքի հայերն իրենց ինքնավարություն, անկախություն և ինքնակառավարում տալու հետ կապված հարցեր բարձրացնեն, ապա դա ցնցումներ առաջ կբերի, որոնց Հայաստանը դեռ պատրաստ չէ»,- հայտարարեց Սանոսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա հերքեց վերջին շրջանում հայտնված տեղեկատվությունն այն մասին, թե իբր Ջավախքի հայերն ինքնավարություն են ուզում Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու քողի տակ։
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը օգոստոսի 26-ին հրամանագրեր է ստորագրել Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ճանաչման մասին և մյուս պետություններին Ռուսաստանի օրինակին հետևելու կոչ արել։
Սանոսյանն ասաց, որ վրաց-հարավօսական հակամարտության ժամանակահատվածում Ջավախքի հայերը ոչ մի մտահոգություն չեն ունեցել իրենց դրության կապակցությամբ։
Վրաստանի, Հայաստանի և Թուրքիայի սահմանագծին տեղակայված Ջավախքը հայերով բնակեցված տարածք է։-0-