Հայաստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի Սոչիում քննարկել են ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ նախագահի ղեկավարի մամուլի ծառայությունից։
«Ռուսաստանի նախագահը հաստատեց իր դիրքորոշումը, համաձայն որի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և կողմ արտահայտվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացին»,- նշեցին մամուլի ծառայությունից։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-