ՀՀ առաջին նախագահը ողջունում է Թուրքիայի նախագահին Երևան հրավիրելու փաստը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունում է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ որպես մեր երկների ազգային հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպման հանդիսատեսի Երևան հրավիրելու փաստը։
«Ես կարող եմ միայն ողջունել Գյուլին Հայաստան հրավիրելու փաստը, քանի որ դա շատ հարմար առիթ է՝ զուրկ քաղաքական ինտրիգից»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը։
Արմատական ընդդիմության առաջնորդի կարծիքով, տվյալ այցը կարող է «երկու երկրների հարաբերությունների միջև սառույցը կոտրելու» հնարավորություն դառնալ։
Ընդ որում Տեր-Պետրոսյանը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք մինչ այժմ Հայաստան չի այցելել։ Նա հիշեցրեց, որ իր նախագահության տարիներին նա երեք անգամ այցերով եղել է Թուրքիայում, այնտեղ այցելել է նաև ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Սրանք նորմալ հարաբերություններ չեն, հատկապես հարևան երկրների միջև»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը։
Միևնույն ժամանակ արմատական ընդդիմության առաջնորդ նախկին նախագահը նշեց, որ ինքը ֆուտբոլային հանդիպմանը ներկա չի լինի։
2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվող Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։
Հայաստան-Թուրքիա հանդիպումը սպասարկելու է Նորվեգիայից ժամանած մրցավարների խումբը՝ հայտնի մասնագետ Թոմաս Հենինգ Էվրեբեի գլխավորությամբ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հրավիրել է իր թուրք գործընկեր Աբդուլա Գյուլին՝ երկու երկրների թիմերի միջև ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու նպատակով։
Այս հանգամանքը հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն կապակցությամբ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-