Արոնյանը Իսպանիայում անցկացվող «Մեծ սաղավարտի» մրցաշարի առաջին փուլում կխաղա Կառլսենի հետ

Երեքշաբթի Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի առաջին մրցակիցը կլինի նորվեգացի Մագնուս Կառլսենը, հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Առաջին փուլում աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը կխաղա ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, իսկ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովն ուժերը կչափի բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ։
«Մեծ Սաղավարտ» (Grand Slam Tournament) մրցաշարը ստացել է ՖԻԴԵ-ի 22-րդ կատեգորիան, այն կանցկացվի երկու շրջանով և կավարտվի սեպտեմբերի 13-ին։
Խաղի օրերն են սեպտեմբերի 2-6-ը, 8-10-ը, 12-ը և 13-ը, ժամանակի վերահսկումը 90 րոպե է 40 քայլի համար և 60 րոպե՝ մինչ խաղի ավարտը՝ առանց ժամանակի ավելացման։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազ. եվրո, որից 100 հազ. եվրոն կստանա հաղթողը։-0-