«Տարվա ապրանքատեսակ» երկրորդ ազգային մրցանակի շնորհման արարողությունը Հայաստանում կկայանա սեպտեմբերի 4-ին

01.09.2008, 15:49
«Տարվա ապրանքատեսակ» երկրորդ ազգային մրցանակի շնորհման արարողությունը Հայաստանում կկայանա սեպտեմբերի 4-ին

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  «Տարվա ապրանքատեսակ» երկրորդ ազգային մրցանակի շնորհման արարողությունը Հայաստանում կկայանա 2008 թ.-ի սեպտեմբերի 4-ին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջազգային ինտեգրացիայի սատարման «Մաստեր» կենտրոնում, մրցանակը շնորհվում է սննդամթերք և ամենօրյա օգտագործման ապրանքատեսակ անվանակարգերում։ 

«Ամբողջ մեկ տարվա ընթացքում մասնագետները հետևեցին ապրանքի պահանջարկի աճին՝ տվյալներ ստանալով մանրածախ ցանցերից, ինչպես նաև տարբեր հարցումներ անցկացնելով, որի արդյունքում պարզ դարձան հայ սպառողի իրական նախասիրությունները»,- հայտնեցին «Մաստեր» կենտրոնում։

Հարցմանը մասնակցել էին  Երևանի ավելի քան 100 մանրածախ ընկերություններ։ Ապրանքատեսակի գնահատման չափանիշն է՝ վաճառքի ծավալը ըստ միավորի։ Վարկանիշի լրացուցիչ արդյունքները հաստատվեցին փորձագիտական խորհրդի կողմից, որում ընդգրկված էին մանրամեծածախ ընկերությունների ղեկավարներ, շուկայի հետազոտման մասնագետներ։

Մրցանակի շնորհումն անց է կացվում հետևյալ կարգախոսով՝ «Ժողովրդի ընտրությունը ապրանքատեսակի գերագույն և միակ գնահատականն է»։

«Տարվա ապրանքատեսակ» ազգային մրցանակն առաջին անգամ շնորհվել է 2007 թ.-ին։ Հաղթողների շարքում ընդգրկվեցին «Աշտարակ կաթ» և «Մարիաննա» ընկերությունների կաթնամթերքը, «Էլնոր» ֆիրմայի սերուցքային կարագը, «Լուսակերտ» ընկերության հավկիթները, «Biella» և «Բեռլին» ֆիրմաների եփած երշիկը, «Զոլոտայա սեմեչկա» արևածաղկի ձեթը, «Լատինո» սուրճը, «Ջերմուկ» հանքային ջուրը, «Իջևան» սեղանի սպիտակ գինին, «Dove» ձեռքի ու մարմնի կրեմը, «Sun Silk» շամպունը, «Կոնտե» զուգագուլպաները, «Dove» օճառը, «Domestos» մաքրող միջոցը, «Ալվան» ներկերը, «Jaga» ջեռուցման մարտկոցները։ --0--