Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է Հայաստանի սովորողներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքներն է հղել սովորողներին և մանկավարժներին Գիտելիքի Օրվա առթիվ։
«Գիտելիքի Օրը լեցուն է կյանքի առաջընթացի հույսով, այս ձգտումով ու լավատեսությամբ այսօր վերստին բացվում են հարյուրավոր կրթական հաստատությունների դռները` ուսուցանելու և կրթելու մեր զավակներին, որոնց պիտի վստահվի մեր ժողովրդի, մեր երկրի ու Հայրենիքի վաղվա օրը»,- ասել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից տրամադրված հաղորդագրությունում:
Գարեգին Կաթողիկոսն ընդգծել է գիտության և մշակույթի կարևորությունը Հայաստանի ծաղկուն ապագայի կառուցման համար։ «Հայցում ենք քաջառողջություն, կորով ու եռանդ` դասավանդողներին, իսկ սովորողներին՝ ձգտում դեպի գիտելիքը, պայծառ միտք ու աննվազ ջանք»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանի 85 պետական և ոչ պետական համալսարաններում և բուհերի 11 մասնաճյուղերում սովորում է շուրջ 100 հազ. ուսանող, որոնցից 10 հազարը ընդունվել է համալսարան 2008 թ.-ին։ Հանրապետության 1450 հանրակարթական դպրոցները 2008 թ.-ին կընդունեն 435,5 հազ. աշակերտ, այդ թվում նաև մոտ 32,5 հազ. առաջին դասարանցի։-0-