Երևանի մարտյան անկարգությունների գործով կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ

29.08.2008, 14:06
Երևանի մարտյան անկարգությունների գործով կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ

2008 թ.-ի օգոստոսի 28-ի դրությամբ Երևանում մարտյան անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազի մամուլի ծառայությունից։

«Եվս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց»,- տեղեկացրեց գործակալության զրուցակիցը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։

Գլխավոր դատախազության տվյալներով, դատարան է ուղարկվել 87 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ։ 80 անձի վերաբերյալ 70 քրեական գործերի դատաքնությունը ավարտվել է։

«Նշված 80 անձանցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը  կարճվել է, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 35 անձ դատապարտվել է ազատազրկման, ևս  34 -ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։-0-