ՀՀ վարչապետը միասնության կոչ է արել

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ հանրությանը միասնության կոչ է արել Վրաստանի դեպքերի հետևանքով երկրում ստեղծված բարդ իրավիճակում։
«Երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օլիպիականների հետ հանդիպման ժամանակ շոշափեց երկրում ստեղծված ընթացիկ իրավիճակը և բոլորին միասնության կոչ արեց։ Ես նույնպես ցանկանում եմ միանալ նրա կոչին, քանի որ արտակարգ իրավիճակների պայմաններում մենք չենք կարող մասնատվել և հանրությանը բաժանել իշխանության կողմնակիցների և ընդդիմության»,- հինգշաբթի կառավարության նիստին ասաց վարչապետը։
Նա ընդգծեց արտակարգ իրավիճակում համախմբվելու կարևորությունը և ցանկացած սադրիչ գործողությունների քննադատումը առաջին հերթին հանրության կողմից։
Ինչպես հիշեցրեց Սարգսյանը, արդեն երրորդ շաբաթն է, ինչ հարևան Վրաստանի տարածքում, որի միջոցով Հայաստանն իրականացնում է իր ապրանքաշրջանառության 70 տոկոսը, ընթանում են ռազմական գործողություններ։ Այդ ժամանակամիջոցում, ինչպես կարծում է վարչապետը, հանրությունը ցնցումներ չի զգացել, չի խաթարվել քաղաքացիների կյանքի բնականոն ընթացքը։
«Մենք ձեզ հետ միասին կարողացանք կայունություն ապահովել, և առաջին հերթին, հանրության կողմից աջակցություն ստանալու միջոցով»,- ասաց կառավարության նախագահը։
Վարչապետը հիշեցրեց, որ հիմա արդեն գործում է Վրաստանը Հայաստանի հետ միացնող այլընտրանքային երկաթուղային կամուրջը՝ Գորի-Թբիլիսի ճյուղում պայթեցված կամրջի փոխարեն։ Սարգսյանի խոսքերով, վերջին օրերին Վրաստանից Հայաստան է ներկրվել մեծ քանակությամբ ապրանք, ինչի շնորհիվ վերջին օրերին դիտարկվող լարվածությունը շուտով ամբողջովին կվերանա։
Կառավարության նախագահը շնորհակալություն հայտնեց մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ովքեր ակտիվորեն համագործակցում էին իշխանություների հետ վերջին երեք շաբաթվա ընթացքում, աջակցում էին Օպերատիվ շտաբի աշխատանքներին և քաղաքացիական բարձր կեցվածք էին դրսևորում։
«Անկեղծ ասած, ես զարմացած եմ իրենց աշխատանքին նվիրված այդ մարդկանցով։ Խոսքը հասարակ վարորդների մասին է, ովքեր օգնում էին մեզ վառելիք տեղափոխել Բաթումիից Երևան, խոսքը մասնավոր ընկերությունների մասին է, որոնք առանց շահույթ ստանալու նպատակ հետապնդելու՝ օգնեցին մեզ մեր կազմակերպչական աշխատանքներում»,- նկատեց նա։
Վարչապետը ցավով նշեց, որ ստեղծված իրավիճակից օգտվեցին իշխանությունների քաղաքական հակառակորդները՝ վստահեցնելով, որ գործադիր մարմինը չի կարող կառավարել իրավիճակը։
«Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք օպերատիվ և օբյեկտիվ ներկայացնում էին իրավիճակը, որի արդյունքում հասարակության շրջանում մենք կարողացանք պահպանել կայունություն և կար փոխադարձ ըմբռնում` ստեղծված իրավիճակի շուրջ, ինչի շնորհիվ ընդհանուր առմամբ չկար նաև լարվածություն»,- ասաց վարչապետը:
«Տեսեք Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ընդդիմությունների կեցվածքը և համեմատեք մեր երկրի ընդդիմության գործողությունների հետ։ Սա չափազանց վտանգավոր երևույթ է մեր հասարակության համար, քանի որ արագ փոփոխվող աշխարհի պայմաններում մենք հզոր մարտահրավերների առջև ենք կագնած, և մեր քաղաքական կեցվածքը շատ կարևոր է: Մենք ճիշտ դասեր պետք է քաղենք ստեղծված իրավիճակից»,- ասաց վարչապետը:
-0-