Հայաստանը պետք է ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը. փորձագետ
Հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը։
«Մենք հաճախ, եթե ոչ միշտ, մեղադրում ենք այլ պետություններին երկակի չափանիշներում և ասում, որ Արցախը չեն ճանաչում՝ ելնելով ինչ-որ քաղաքական շահերից, և ինքներս չպետք է վարվենք նման կերպ», - ասել է Մելիք-Շահնազարյանը չորեքշաբթի՝ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։
«Մենք կարող ենք վրաց ժողովրդի բարեկամը մնալ, այդ բարեկամական հարաբերություններն անհրաժեշտ է պահպանել, և ոչ ոք դրա շուրջ չի վիճում։ Սակայն, միաժամանակ, մենք պետք է ասենք ճշմարտությունը՝ ինչ բարեկամություն, եթե ճշմարտությունը չասենք միմյանց։ Եվ Հարավային Օսեթիան, և Աբխազիան ունեն բոլոր իրավական հիմքերը անկախություն ձեռք բերելու համար ավելի շատ, քան Կոսովոն», - ասել է Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքերով, եթե Հայաստանը չասի դա, ապա կարող է կորցնել այլ պետություններին՝ արցախյան խնդիրը իրավական հարթակից քաղաքական տեղափոխելու մեջ մեղադրելու բարոյական իրավունքը։
Բացի այդ նրա խոսքերով, կարելի է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Հայաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, իսկ Ռուսաստանի Դաշնության կողմից՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։
Պատասխանելով Հայաստանի կողմից Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հնարավոր ճանաչման դեպքում Վրաստանի արձագանքի մասին հարցին՝ Մելիք-Շահնազարյանը ասել է, որ «ավելի վատ, քան հիմա է, արդեն չի կարող լինել»։
«Այն, ինչ Վրաստանին հաջողվում է անել մեր դեմ, նա անում է։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական նախագծերի իրականացման դեպքում Վրաստանը ոչ միայն հաշվի չի առնում Հայաստանի շահերը, այլ հակառակը՝ գնում է այդ շահերին դեմ։ Բոլոր միջազգային ատյաններում, որտեղ քննարկվում է Հայաստանի հարցը, Վրաստանի ներկայացուցիչները մեզ դեմ են քվեարկում։ Էլ ինչ կարող է անել Վրաստանը», - ասել է փորձագետը։-0-