Խաղաղապահ առաքելությունը Հայաստանի համար ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն. պաշտպանության նախարար

28.08.2008, 13:59
Խաղաղապահ առաքելությունը Հայաստանի համար ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն. պաշտպանության նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի համար խաղաղապահ առաքելությունն ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական նշանակություն. ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները միջազգային ստորաբաժանումների կազմում փորձ և հմտություն են ձեռք բերում, հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, երկրի պաշտպանության գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ կարևորում է համագործակցությունը հատկապես խաղաղապահ ոլորտում՝ ամերիկյան կողմից շարունակական աջակցություն ակնկալելով։

Իր հերթին Բանթինգը հայտնեց, որ դրական է գնահատել Կոսովոյում  բազմազգ դիվիզիայի կազմում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների թվաքանակի` հունական ստորաբաժանման կազմում կրկնապատկման փաստը։

Հայ խաղաղապահները Կոսովոյում խաղաղապահ առաքելություն են իրականացնում հունական գումարտակի կազմում 2004թ. փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ. հունվարի 25-ից։ 2008թ.-ից Կոսովոյում հայ «երկնագույն բերետավորների» թիվը հասել է մինչև երկու դասակից բաղկացած վաշտի (70 մարդ)։

Բանթինգի կարծիքով, դա նպաստում է Հայաստանի ներգրավվածությանը միջազգային գործընթացներին, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը:

Կողմերը քննարկեցին համագործակցություն խաղաղապահության, ականազերծման, ռազմական բժշկության և ռազմական կրթության ոլորտներում, որոնք այսօր առաջնային ուղղություն են համարվում:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Օհանյանն իր ջերմ ողջույնները խնդրեց փոխանցել Կանզասի նահանգապետ, տիկին Քեթրին Սեբելիուսին` նշելով, որ երկուստեք համագործակցության` 2008թ.-ի ծրագրում ընդգրկված 19 միջոցառումներից 13-ն արդեն իրականացվել են, որոնք, վերաբերում են խաղաղապահության, ռազմական բժշկության և կրթության, ականազերծման և զորահավաքային նախապատրաստության ոլորտներին:

Նախարարը փաստեց նաև, որ ՀՀ զինված ուժերում տարեցտարի աճում է ԱՄՆ չափանիշներով ռազմական կրթություն ստացած զինծառայողների թիվը, ինչը դրականորեն է անդրադառնում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման և զինված ուժերի կատարելագործման վրա: -0-