Հայաստանի առաջին պարային օլիմպիադան կանցկացվի Երևանում սեպտեմբերի 25-28-ը

Հայաստանի առաջին պարային օլիմպիադան կանցկացվի Երևանում սեպտեմբերի 25-28-ը, հայտնեց Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի նախագահ Արտաշես Մեսրոպյանը։
«Օլիմպիադայի նպատակը աշխատելն է Հայաստանում գործող պարային խմբերի հետ՝ դրանցից լավագույնին ընտրելու համար, որը իրավունք ձեռք կբերի ներկայացնել երկիրը Համաշխարհային պարային օլիմպիադայում և առաջիկա Եվրոպայի ու աշխարհի Գավաթներում»,- ասաց Մեսրոպյանը։
Օլիմպիադային կմասնակցեն պարային համույթներ Հայաստանի մարզերից, Լեռնային Ղարաբաղից, սփյուռքից և օտարերկրյա կազմակերպություններից։ Մեսրոպյանը տեղեկացրեց, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է, սակայն արդեն ստացվել է ավելի քան 60 հայտ Օլիմպիադային մասնակցելու համար։
«Օլիմպիադայի ընթացքում խաղարկվելու է 225 մրցանակային տեղ՝ 17 ուղղություններով, հինգ անվանակարգերում, երեք տարիքային խմբերում (կրտսեր, միջին և ավագ), իսկ մրցավարները միջազգային կարգի դատավորներ են լինելու»,- ասաց Մեսրոպյանը։
Նա հայտնեց, որ մրցավարական կազմն Օլիմպիադայում մասնավորապես կիրականացնեն Միջազգային պարային կազմակերպության (IDO) փոխնախագահ Մայքլ Վենդտը (Գերմանիա) և Համառուսական պարային կազմակերպության նախագահ, Համաշխարհային պարային օլիմպիադայի հիմնադիր Անդրեյ Կոկոուլինը (Ռուսաստան), ինչպես նաև ներկայացուցիչներ Ուկրաինայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ղազախստանից, Բելառուսից, Վրաստանից։
Մեսրոպյանը հայտնեց նաև, որ Օլիմպիադային զուգահեռ կանցկացվեն սեմինարներ և վարպետության դասընթացներ պրոֆեսիոնալ մրցավարների ուսուցման համար։
Իր հերթին Հայաստանի պարային օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Գառնիկ Հովակիմյանն ասաց, որ նրա հիմնական խնդիրը այն համույթների բացահայտւոմն է, որոնք կհամապատասխանեն IDO չափորոշիչներին՝ իրավունք ստանալով մասնակցել միջազգային տարբեր օլիմպիադաների։
«Հայաստանի բոլոր համույթները շատ ոգեշնչված են այս հնարավորությամբ, քանի որ սա խթան է իրենց հետագա առաջխաղացման համար», - նշեց նա։
Առաջին պարային օլիմպիադայի կազմակերպիրներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիան։ -0-