Ղարաբաղյան խնդրի ծայրամասային լինելը Հայաստանի և Ղարաբաղի սխալ քաղաքականության արդյունք է. փորձագետ

27.08.2008, 17:29
Ղարաբաղյան խնդրի ծայրամասային լինելը Հայաստանի և Ղարաբաղի սխալ քաղաքականության արդյունք է. փորձագետ
Ղարաբաղյան խնդրի ծայրամասային լինելը Հայաստանի և Ղարաբաղի սխալ քաղաքականության արդյունք է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան խնդրի ծայրամասային լինելը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սխալ քաղաքականության արդյունք է, կարծում է հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Աբխազիան և Հարավային Օսեթիան այն երկրներն են, որոնց ճակատագիրը շատ նման է Արցախին և այն, որ ղարաբաղյան հակամարտությունը ծայրամասային դարձավ, մեր հանրապետության և Արցախի ղեկավարների սխալ քաղաքականության արդյունքն է»,- ասաց նա չորեքշաբթի լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։    

Մելիք-Շահնազարյանը պարզաբանեց, որ խորհրդային ժամանակներում ազգի ինքնորոշման իրավունքի մասին առաջինը հայտարարեց Արցախը, պատերազմի կրկին առաջինը Արցախը դուրս եկավ։  

«Սա միակ պետությունը չէ, որ կարողացել է սեփական ուժերով պաշտպանվել ագրեսիայից։ Սա այն պետությունն է, որն, անկասկած, տարածաշրջանում առաջիններից մեկն է ժողովրդավարության առումով։ Սա այն պետությունն է, որն ապացուցել է, որ ի տարբերություն Հարավային Օսեթիայի և Աբխազիայի, ի վիճակի է անկախ պետություն ստեղծելու, կառուցելու և պահպանելու»,- ասաց նա։

Փորձագետի խոսքերով, այս փաստը հաշվի չառնել և այն աշխարհին չներկայացնել՝ հասնելով նրան, որ հակամարտությունը ծայրամասային դառնա, նշանակում է, որ հայկական կողմի արտաքին քաղաքականությունը լուրջ ճնշման է ենթարկվում։   

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-