Ադրբեջանը հսկայական կորուստներ կկրի Ղարաբաղի դեմ ագրեսիա կիրառելու դեպքում. ՀԴԿ առաջնորդ

27.08.2008, 17:13
Ադրբեջանը հսկայական կորուստներ կկրի Ղարաբաղի դեմ ագրեսիա կիրառելու դեպքում. ՀԴԿ առաջնորդ

Ադրբեջանը հսկայական կորուստներ կկրի ղարաբաղյան հակամարտությունը վերսկսելու դեպքում, կարծում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ վնասներ կկրի հակամարտության վերսկսման դեպքում, ընդ որում անկախ այն բանից, կհասնի հաջողության, թե ոչ»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշեց հայ քաղաքական գործիչը, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները պայմանավորված են իր կողմից ժամանակակից զենքի ձեռքբերմամբ, Թուրքիայի և այլ երկրների օգնությամբ զինված ուժերի թարմացմամբ։ Սարգսյանի կարծիքով, Ադրբեջանը պարզապես փորձում է վախեցնել հայկական կողմին։

ՀՀ դեմկուսի առաջնորդը նաև հիշեցրեց վրաց-հարավօսական հակամարտությանը Ադրբեջանի տված արձագանքի մասին։ Մասնավորապես, Սարգսյանի խոսքերով, հակամարտության առաջին երկու օրը Ադրբեջանը Վրաստանի գործողությունները ցնծությամբ էր դիմավորում։    

«Անգամ «Կեցցես, Վրաստան» տիպի հայտարարություններ էին արվում։ Բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հակազդեցություն ցույց տվեց, Ադրբեջանում տրամադրությունները փոխվեցին։ Այսպիսով, եթե Ռուսաստանն ամրացնի իր դիրքերը տարածաշրջանում, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չի գտնի»,- ավելացրեց Սարգսյանը։  

Քաղաքական գործչի խոսքերով, բացի այդ, Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին Ադրբեջանին, որ նավթատար և գազատար Բաքու-Ջեյհան և Բաքու-Սուբսա խողովակները խոցելի են ու վտանգի տակ են գտնվում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-