Հայ քաղաքագետը կարծում է, որ հայ-թուրքական փոխհարաբերությունները կարող են որոշ չափով մեղմանալ

26.08.2008, 17:25
Հայ քաղաքագետը կարծում է, որ հայ-թուրքական փոխհարաբերությունները կարող են որոշ չափով մեղմանալ

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական փոխհարաբերությունները կարող են որոշ չափով մեղմանալ, կարծում է հայ քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Հայ-թուրքական փոխհարաբերություններում որոշակի մեղմացում հնարավոր է, սակայն շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչպես կընթանա ֆուտբոլային հանդիպումը (Հայաստան-Թուրքիա, սեպտեմբերի 6-ին, Երևանում. «Նովոստի-Արմենիա»), ինչ տեղի կունենա դրանից հետո, և ինչպես Թուրքիան կպահի իրեն ռուս-վրացական հակամարտության հարցում»,- ասաց Իսկանդարյանը երեքշաբթի Երևանում «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։  

Սակայն, ինչպես նշեց քաղաքագետը, Հայաստանը պետք է աշխատի սահմանները բացելու ուղղությամբ՝ անկախ տարածաշրջանում տիրող իրավիճակից, չնայած հայ-թուրքական փոխհարաբերությունների և փակ սահմանների խնդիրն առկա է ոչ թե Երևանում, այլ Թուրքիայում։

Նա նշեց, որ Հայաստանը նախորդ նախագահի, արտգործնախարարի և ներկա նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերով բազմիցս հայտարարել է, որ Երևանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։    

«Փաստացիորեն Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական փոխհարաբերություններում առկա հարցերն առանձնացնել սահմանների խնդրից։ Թուրքիան պատրաստ չէ դրան, քանի որ այնտեղ գոյություն ունեն ազգայնականների, իսլամամետ տրամադրված բնակչության, Թուրքիայում ապրող ադրբեջանցիների խնդիրներ, այսինքն դա, իրոք, լուրջ խնդիր է»,- կարծում է Իսկանդարյանը։

Ընդ որում քաղաքագետը նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է միանշանակ փորձի քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու ուղղությամբ, «քանի որ ներկա իրավիճակը նորմալ չէ»։  

«Ստեղծված իրավիճակը հարթելու համար պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն, որովհետև դա մի նպատակ է, որին պետք է ձգտել»,- ասաց Իսկանդարյանը։

Հայաստանի ևև Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը 1993 թվականից փակ է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներում բազմիցս հայտարարել է իր երկրի՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև նոր երկխոսության համար դռները բաց են։-0-