ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը. ամերիկացի դիվանագետ

ԱՄՆ-ն հայ-թուրքական սահմանի բացման գաղափարի կողմնակիցն է, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարամատար Ժոզեֆ Փենինգթոնը։
«Չկա որևէ կողմ, որն ավելի շատ աջակցի հայ-թուրքական սահմանի բացման գործընթացին, հաշտության և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, քան ԱՄՆ-ն»,- երեքշաբթի Երևանում լրագրողներին ասաց Փենինգթոնը։
Ընդ որում նա ավելացրեց, որ «տարածաշրջանի վերջին ճգնաժամը» ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ սահմանները պետք է բաց լինեն և սահմանների միջոցով պետք է իրականացվի ապրանքաշրջանառությունը։
Հայաստանի ևև Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը 1993 թվականից փակ է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին ժամանակներում բազմիցս հայտարարել է իր երկրի՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրների միջև նոր երկխոսության համար դռները բաց են։-0-