Երկաթուղային կամուրջը Գորի-Թբիլիսի հատվածում կվերականգնվի մեկ ամսից

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկաթուղային կամուրջը Գորի-Թբիլիսի հատվածում կվերականգնվի մեկ ամսից, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԺ պատգամավոր, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ Վլադիմիր Բադալյանը։
«Ես անմիջականորեն հետևում եմ այդ գործընթացին, մենք տեխնիկական օգնություն ենք ուղարկել այնտեղ։ Պայթեցված կամրջի հիմնական մասի վերանորոգումն ավելի քան մեկ ամիս կտևի, բայց առայժմ գործի է դրվել այլընտրանքային շրջանցիկ ուղի»,- ասաց նա։
Հայ և վրացի մասնագետների ջանքերի շնորհիվ օգոստոսի 20-ին Մետեխի-Գրակալե հատվածում երկաթուղային շրջանցիկ կամուրջը վերականգնվել է, ինչի արդյունքում Վրաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր օգոստոսի 16-ին Գորի-Թբիլիսի երկաթուղային ճյուղի վրա տեղի ունեցած պայթյունի պատճառով, վերականգնվել է։
Ընդ որում, Բադալյանը նշեց, որ Մետեխի-Գրակալե հատվածում երկաթուղային շրջանցիկ կամրջի անցունակությունը բավականին փոքր է։ «Ճանապարհը նոր-նոր բացվել է, այնտեղ ընդամենը մեկ գիծ է գործում և մեծ խցանումներ են գոյանում, այդ իսկ պատճառով երթևեկությունը դանդաղ է»,- ասաց Բադալյանը։
Նրա խոսքերով, բոլոր վագոնները, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական, որոնք կուտակվել են Վրաստանի երկաթուղիներում, աստիճանաբար մեկնում են իրենց կայարաններից։ --0--