Եռանարդու Հայաստանի երկրորդ Ազգային առաջնության հաղթող է դարձել Խաչիկ Մելիքյանը

25.08.2008, 17:04
Եռանարդու Հայաստանի երկրորդ Ազգային առաջնության հաղթող է դարձել Խաչիկ Մելիքյանը

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «Նավասարդյան խաղեր» միջոցառումների շրջանակներում Գառնի քաղաքում օգոստոսի 24-ին անցկացված եռանարդու Հայաստանի երկրորդ Ազգային առաջնության հաղթող է դարձել նարդիստ, 2002 թ.-ի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Խաչիկ Մելիքյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց առաջնության կազմակերպիչ, եռանարդու գյուտի հեղինակ Ներսես Ներսիսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայկ (Հակոբ) Սաղաթելյանը՝ եռանարդու առաջին Ազգային առաջնության հաղթողը, իսկ երրորդ տեղին արժանացել է Ալյոշա Մարտիրոսյանը։

Երկրորդ ազգային առաջնությանը մասնակցեցին 21 մարզիկներ, այդ թվում ՀՀ նարդու ֆեդերացիայից, ինչպես նաև հանրապետության տարբեր շրջաններից։

Մրցաշարի հաղթողներին շնորհվեցին դիպլոմներ և դրամական պարգևներ։

2007 թվականին Հայաստանում կայացել է «եռանարդու» շնորհանդեսը, իսկ առաջին ազգային առաջնությունը հայ հասարակությունում մեծ արձագանք է գտել։

Ավանդական սև ու սպիտակ քարերից զատ, խաղում ավելացված են 15 կարմիր քարեր, բայց խաղի կանոններն անփոփոխ են։ -0-