Հայկական առագաստանավը, որը 9-րդ դարի նավի պատճենն է, Սևանա լիճ է իջեցվել

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «HSBC Բանկ Հայաստան»-ի աջակցությամբ Սևանա լճում հանդիսավոր կերպով ջուրն է իջեցվել «Նաիրի» ավանդական ձկնորսական առագաստանավը՝ կառուցված 9-րդ դարի նավակների օրինակով։
«Նավը կառուցված է հայ նկարիչներ Բաշինջաղյանի և Թերլեմեզյանի էսքիզներով, հինավուրց գծագրերի հիման վրա»,- շաբաթ հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի նախագահ, Կիլիկիա առագաստանավի կապիտան Կարեն Բալայանը։
Նա ընդգծեց հին հայկական նավերի վերականգնման գործում հովանավորչական օգնության կարևորությունը։ «Նմանատիպ մեկ նավակի շինարարության համար անհրաժեշտ է մի քանի մլն դրամ, որի մեծ մասն ուղղվում է թանկարժեք փայտի ձեռքբերմանը»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով «HSBC Բանկ Հայաստան»-ի ղեկավարությանն աջակցության համար։
«Նաիրի» առագաստանավը կառուցված է ձկնորսական նավերի ոճով, պատրաստված է սոճուց և 1 տոննա քաշ ունի։
Նավի երկարությունը 9 մետր է, լայնությունը՝ 2,5 մետր, առագաստանավը նախատեսված է 15 ուղևորի համար։
Մի քանի տարի առաջ «Այաս» ակումբի ջանքերի շնորհիվ Հայաստանում պատրաստվել է «Կիլիկիա» առագաստանավը՝ 13-րդ տարի հինավուրց առևտրական նավերի պատճենը։
Ինչպես հիշեցրեց Բալայանը, ևս մեկ նավակ ջուրը կիջեցվի 1-2 ամիս հետո National Instruments ընկերության ֆինանսական աջակցությամբ։
Բալայանը նշեց, որ առաջին այսպիսի նավերը Սևանում լողում էին դեռևս 9-10 դարերում։Կապիտանն ավելացրեց, որ «Այաս» ակումբը ծրագրում է ևս տասը նման նավ կառուցել, արդեն մյուս տարի ձկնորսական առագաստանավերի մրցույթներ կանցկացվեն։
«HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերի խոսքերով, բանկը միշտ աջակցում է այն ծրագրերի իրականացմանը, որոնցում հաշվի են առնված Հայաստանի ազգային ավանդույթները։
«Մեզ ի սկզբանե դուր եկավ նավակի կառուցման գաղափարը, քանի որ հիմնական նպատակը ձկնորսական նավի սկզբնական տեսքը վերականգնելն էր։ Դա նաև կօգնի դարձյալ կյանքի կոչել ձկնորսության ավանդույթները և կնպաստի առագաստանավերի մարզաձևի զարգացմանը։ HSBC-ին գոհ է ծրագրի արդյունքներից»,- ասաց Սլեյթերը։ --0--