ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնում հայտնի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի մահվան կապակցությամբ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահվան կապակցությամբ։
Հռչակավոր մաթեմատիկոս, Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր Սերգեյ Մերգելյանը երկարատև հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում մահացել է օգոստոսի 20-ին, Լոս-Անջելեսում։
«Խոր վշտով ընդունեցի հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի մահվան գույժը», - ասվում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված նախագահի ուղերձում։
Նախագահն ընդգծել է Մերգելյանի բացառիկ մեծ ներդրումը Հայաստանում գիտության զարգացման գործում։ «Նրա հիմնադրած ու ղեկավարած գիտական ու գիտաարտադրական հաստատությունները նոր մակարդակի բարձրացրեցին Հայաստանի գիտությունը և նրա միջազգային հռչակը։ Համոզված եմ՝ Հայաստանի գիտնականների նոր սերունդները երախտագիտությամբ են հիշելու նրա գիտական, կազմակերպչական ու մանկավարժական հարուստ գործունեությունը», - նշել է Սարգսյանը։
Երկրի նախագահը ցավակցություն է հայտնել Սերգեյ Մերգելյանի ընտանիքին, հարազատներին, ինչպես նաև մեծ մաթեմատիկոսի գործընկերներին ու սաներին։
Սերգեյ Մերգելյանը 1953 թ.-ից ԽՍՀՄ-ի ԳԱ թղթակից անդամ էր, իսկ 1991 թ.-ից՝ ՌԴ ԳԱ թղթակից անդամ, 1956 թ.-ից՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Մերգելյանի հիմնական աշխատություններն առնչվում են ֆունկցիաների տեսությանը։ 1952 թ.-ին նա արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակին։
20 դարի 50-ական թթ.-ի կեսերին Սերգեյ Մերգելյանը Հայաստանում հիմնել է կիրառական մաթեմատիկայի և հաշվողական մեքենաների նոր գիտատեխնոլոգիական ուղղություն։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը, իսկ հետագայում նաև արտադրական ձեռնարկություններ, այսպիսով սկիզբ է դրվել առաջին հաշվողական մեքենաների արտադրությանը։ Շնորհիվ Մերգելյանի կազմակերպական տաղանդի` Հայաստանը դարձել է այդ ուղղությամբ ԽՍՀՄ հիմնական կենտրոններից մեկը։
Հայրենիքի նկատմամբ զգալի վաստակ ունենալու համար՝ ՀՀ կառավարությունը 2008 թ.-ին ակադեմիկոսին է հանձնել ս. Մեսրոպ Մաշտոցի անվան շքանշան։-0-