ՀՀ նախագահը հայրենակիցներին շնորհավորել է Անկախության հռչակագրի 18-ամյակի կապակցությամբ

25.08.2008, 14:52
ՀՀ նախագահը հայրենակիցներին շնորհավորել է Անկախության հռչակագրի 18-ամյակի կապակցությամբ

 

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին Անկախության հռչակագրի 18-ամյակի ընդունման կապակցությամբ։

«1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց պատմական հռչակագիր, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը բռնում է անկախության, հայոց պետականության վերականգնման ուղին։ Այսպիսով, ազդարարվեց ողջ աշխարհին, որ այսուհետ ինքներս ենք տեր կանգնելու մեր ճակատագրին և ստանձնելու պատասխանատվություն Հայաստանի ժողովրդի, համայն հայության և միջազգային հանրության առջև»,- ասվում է նախագահի մամուլի քարտուղարության՝ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրած հաղորդագրությունում։

Նախագահի խոսքերով, «սա կամարտահայտումն էր մի ժողովրդի, որ ոտքի էր կանգնել վճռականորեն պաշտպանելու իր մարդկային ու ազգային արժանապատվությունը Արցախում, Հայաստանում և ամենուրեք, որտեղ հայ կա»։

Ուղերձում նշվում է, որ հռչակագիրը «առաջին իրավական փաստաթուղթն էր, որով մենք, որպես քաղաքական միավոր, վերադարձանք ազգերի միջազգային ընտանիք»։

«Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տարեդարձի կապակցությամբ. տարեդարձ, որը մեկ անգամ ևս ստիպում է իմաստավորել մեր անցած ուղին և միավորվել մեր երկրի վերելքի գաղափարի շուրջ»,- նշեց երկրի նախագահը: -0-