Հայաստանի կենտրոնական բանկն արգելել է

25.08.2008, 14:37
Հայաստանի կենտրոնական բանկն արգելել է
Հայաստանի կենտրոնական բանկն արգելել է

Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունել արգելել ՀՀ տարածքում գործող բանկերի մասնակցությունը Western Union արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, բանկերին հանձարարվել է Western Union համակարգի հետ կնքված պայմանագրերով նախատեսված կարգով լուծարել այդ պայմանագրերը։

«Որոշումը կայացվել է բանկերի ռիսկայնությունը զսպելու նպատակով, քանի որ արձանագրվել են Western Union համակարգի կողմից անհիմն և չպատճառաբանված կերպով ՀՀ տարածքում գործող բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթների խախտման դեպքեր», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մասնավորապես, ինչպես նշեցին Կենտրոնական բանկից, որոշ բանկերի մասնաճյուղերում դադարեցվել է սպասարկումը, ինչը կարող է խաթարել բանկերի բնականոն գործունեությունը և նրանց ֆինանսական կայունությունը, ինչպես նաև հանգեցնել անկանխատեսելի իրավիճակների դրամական փոխանցումների հատվածում։

Ինչպես կարծում են Կենտրոնական բանկում, ստեղծված իրավիճակը կարող է ազդել նաև երկրի տնտեսական, ֆինանսական և իրական հատվածների վրա։

Western Union համակարգը Հայաստանում սկսել է համագործակցել հայկական բանկերի հետ 1995 թ.-ից՝ փորձնական ռեժիմով։  Հայաստանում Western Union-ը պաշտոնապես գործում է 1996 թ.-ից։

Այժմ Հայաստանում հաճախորդների արագընթաց դրամական փոխանցումների ապահովման համար ավանդական SWIFT համակարգի հետ մեկտեղ Հայաստանի կոմերցիոն բանկերը մասնակցում են 17 միջազգային համակարգերում, մասնավորապես, Money Gram, Anelik, Unistream, «Արագ փոստ», Contact համակարգերում։-0-