Ավելի քան 8 հազար դպրոցական նոր ուսումնական տարում առաջին դասարան կգնա. քաղաքապետարան

Երկուշաբթի օրվա տվյալներով 2008-2009 ուսումնական տարում առաջին դասարան կգնա 8 հազար 482 դպրոցական, հայտնեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը։
«Սեպտեմբերի մեկը մենք կդիմավորենք տոնական տրամադրությամբ։ Յուրաքանչյուր տարի մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ այդ օրն իսկական տոն դառնա դպրոցականների համար, իսկ նոր ուսումնական տարին՝ իսկական գիտելիքների տարի»,- երկուշաբթի Արեյանն ասաց լրագրողներին։
Ընդ որում, Արեյանն ավելացրեց, որ դպրոցականների թիվը դեռ կարող է փոփոխվել, վերջնական տվյալները կներկայացվեն սեպտեմբերի 9-ին։
Փոխքաղաքապետի խոսքերով, «Կրթության մասին» օրենքի համաձայն, նոր ուստարում առաջին դասարան կգնան 2002 թ.-ին ծնված երեխաները։
Արեյանը նաև հայտնեց, որ այն դպրոցներում, որոնք 12-ամյա կրություն են իրականացնում, 1-3 դասարանների աշակերտների համար հնգօրյակ կմտցվի, իսկ մյուս աշակերտները դպրոց կհաճախեն շաբաթը վեց անգամ։
Խոսելով իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին՝ փոխքաղաքապետն ավելացրեց, որ նոր ուստարում դպրոցները կապահովվեն 65 անուն գրքերով։
Բացի այդ, այսօրվա դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 202 դպրոցում արդեն գործում են 189 համակարգչային դասարաններ։ Իսկ 59 դպրոցում արդեն ինտերնետ կապ կա։
«Սա լուրջ առաջընթաց է մեր դպրոցների համար աշակերտներին հաղորդակցության ժամանակակից միջոցների հետ ծանոթացնելու իմաստով»,- ասաց նա։ Արեյանը նաև վստահեցրեց ծնողներին, որ Գիտելիքների միջազգային օրը խնդիրներից խուսափելու համար ոստիկանությունը կուժեղացնի իր աշխատանքը, իսկ համայնքային ինքնակառավարման մարմիններն էլ պետք է դպրոցների հարակից տարածքների մաքրությունն ապահովեն։
Երևանի քաղաքապետարանի վարույթում 202 մայրաքաղաքային դպրոց կա։ --0--